Հրապարակվել են Կիևում ձերբակալված 3 «օրենքով գողերի» լուսանկարները
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովն այսօր հրապարակել է նախօրեին իրավապահների կողմից Կիևի հյուրանոցներից մեկի ռեստորանում ձերբակալված դեռևս ԽՍՀՄ տարածքի ամենաազդեցիկ հանցավոր կլաններից մեկի 3 ներկայացուցիչների լուսանկարները: Այս մասին հաղորդում է Unian.net-ը՝ հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությանը:
Ուկրաինայի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները կանխել են Կիևի ռեստորանում անցկացվող «գողական հավաքը»: Ըստ տեղեկությունների՝ հավաքը նախաձեռնել էին Մերաբ Ջանգվելաձեի կլանի մի քանի ներկայացուցիչներ, որոնց թվում են Վրաստանի Քութաիսի շրջանի 38-ամյա բնակիչ, «Վատիա» մականվամբ «օրենքով գողը», «Լավասօղլի Բաթումսկի» մականվամբ 33-ամյա «օրենքով գողը», ում Ուկրաինայի իրավապահները վերջին 1,5 տարվա ընթացքում 4 անգամ բերման են ենթարկել, ինչպես նաև «սուխումյան կլանի» ներկայացուցիչ, 43-ամյա «օրենքով գող» «Գուգան»:
Ըստ երևույթին, հանցավոր կլանի ներկայացուցիչները, օգտվելով Ուկրաինայում տիրող անկայուն իրավիճակից, փորձել են «տարածքների» վերաբաշխում կատարել: Խոսքը մասնավորապես գնում էր էներգետիկ ածխի մատակարարման, ուղևորափոխադրումների, սաթի ապօրինի արդյունահանման վերահսկողությունը իրենց ձեռքը վերցնելու մասին:
Այժմ որոշվում է Ուկրաինայից Լավասօղլի Բաթումսկիին անվերադարձ կամավոր արտաքսելու հարցը: