Երևանը և Բաքուն պայմանավորվել են տվյալներ փոխանակել անհայտ կորածների մասին
Նախօրեին Փարիզում Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև տեղի ունեցած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան հակամարտության ժամանակ անհայտ կորածների տվյալների փոխանակման հարցում:
Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ ասված է, որ Ֆրանսիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով միջնորդություն է սկսել, իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հաջողվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ուղիղ երկխոսության բերել:
Երկու երկրների նախագահները պայմանավորվել են հակամարտության ժամանակ անհետ կորածների մասին ԿԽՄԿ-ի անմիջական հովանու ներքո տվյալներ փոխանակելու շուրջ: Բացի այդ, երկխոսությունը կարող է շարունակվել 2015 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում: