Սաակաշվիլիի կողմնակիցները բողոքի ակցիա են նախապատրաստում
Նոյեմբերի կեսին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները բողոքի մեծ ցույց կանցկացնեն: Այս մասին հաղորդում է Georgia Online-ը:
Խորհրդարանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գործադիր քարտուղար Զուրաբ Ջափարիձեի խոսքով՝ ակցիայի նպատակն է իրազեկել Վրաստանի իշխանություններին և միջազգային հանրությանը, որ Աբխազիայի էթնիկ մաքրման հետ երկիրը երբեք չի հաշտվի:
«Վրաստանը երբեք չի համակերպվի Ռուսաստանի կողմից Աբխազիայում իրականացվող էթնիկ զտման և իր տարածքից կես միլիոն բնակչությանը վտարելու փաստի հետ: Ելնելով իրավիճակից և այն բանից, որ Ռուսաստանի կողմից բացահայտ կերպով փորձ է արվում Վրաստանի ինքնիշխան տարածքի դե-յուրե զավթում իրականացնել, և ելնելով նրանից, որ Վրաստանի իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում, որպեսզի հարցը բարձրացվի միջագային ասպարեզներում, մենք որոշել ենք բողոքի ակցիա անցկացնել»,-ասել է Ջափարիձեն: