Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսում Սաակաշվիլիի կուսակցության գործով
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը սկսել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ կապված երկրում իշխանափոխության գործով հետաքննությունը:
News Georgia-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարարի տեղակալ Լևան Իզորիան: «Հետաքննություն է տարվում Վրաստանի օրենսգրքի 315 հոդվածով (դավադրություն կամ խռովություն՝ սահմանադրությունը բռնի ուժով փոփոխելու նպատակով)»,-ասել է Իզորիան:
Այս տարվա սեպտեմբերի սկզբին ՆԳ նախարար Ալեքսանդր Չիկաիձեն Սաակաշվիլիին մեղադրեց Վրաստանում քաոս սերմանելու մտադրության մեջ: Նախարարի խոսքով՝ երկրի նախկին նախագահն իր խորհրդականներին կարգադրել էր ստեղծել 500 հոգանոց խումբ, ովքեր պետք է երկրում անկարգություններ հրահրեին: Ըստ Չիկաիձեի՝ Սաակաշվիլին այդ նպատակով հանդիպել էր Ուկրաինայի և Թուրքիայի իր գործընկերների հետ, իսկ նպատակն ամեն կերպ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը թույլ չտալն էր: