2770 դիտում
21:29 11-10-2019
ԵՊՀ-ում մեկնարկել է «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային 7-րդ գիտաժողովը
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» ու «Փիլիսոփայության ժամանակակից հիմնախնդիրները. արդի մարտահրավերներ» թեմաներով միջազգային եռօրյա գիտաժողովը:
Գիտաժողովը, որին մասնակցում են 15 երկրի 70 համալսարանի ներկայացուցիչներ, կազմակերպել էր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը:
Գիտաժողովի սկզբում բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը:
Ողջունելով և բարի գալուստ մաղթելով ներկաներին՝ Հրանտ Ավանեսյանը նշեց, որ թվով 7-րդ գիտաժողովը խորհրդանշական է, քանի որ անցկացվում է հարյուրամյա համալսարանում:
Այնուհետև ներկաներին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի՝ Գեղամ Գևորգյանի, ինչպես նաև իր անունից ողջունեց Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը՝ շեշտելով, որ միջազգային գիտաժողովն առանձնահատուկ նշանակություն և կարևորություն ունի, քանի որ տեղի է ունենում 100-ամյա պատմություն ունեցող համալսարանում:
«Այսօր ԵՊՀ-ում են հավաքվել հոգեբաններ և փիլիսոփաներ՝ 14 երկրի 70 համալսարանից,-փաստեց նա,- ավանդույթ դարձած միջազգային այս գիտաժողովը մեզ միավորում է տարբեր գաղափարների և հիմնախնդիրների շուրջ, երբ հայացք ենք գցում գիտաժողովի նյութերին, մեզ համար պարզ է դառնում, որ հոգեբանությունը պետք է զարգանա ոչ թե ըստ գաղափարների, այլ ըստ հիմնախնդիրների»:
Էլինա Ասրիյանը, անդրադառնալով գիտաժողովի մյուս կարևոր խնդրին, նշեց, որ այն վերաբերում է միջգիտակարգային հետազոտություններին. «Մենք շատ ենք լսել, որ ապագան միջգիտակարգային հետազոտություններինն է, այն փաստը, որ այսօր մենք միավորել ենք փիլիսոփայությունն ու հոգեբանությունը մեկ գիտաժողովի համատեքստում, ևս մեկ անգամ ապացուցում է միջգիտակարգայնության միտումը, որն այսօր կա գիտության մեջ»:
Ելույթում Էլինա Ասրիյանը խոսեց նաև գիտաժողովի վերնագրում արտացոլված խնդրի մասին:
«Վերնագրում արդեն նշված է՝ տեսական և կիրառական հոգեբանության հիմնախնդիրները,-մանրամասնեց պրոռեկտորը,- այստեղ ես տեսնում եմ երկար տարիների պատմություն ունեցող հարցադրումը. որն է ավելի կարևոր՝ հիմնարա՞ր, թե՞ կիրառական գիտությունը»:
Ըստ Էլինա Ասրիյանի՝ արդիական խնդիրների լուծումը թույլ կտա խոսել կիրառական հոգեբանության կարևորության մասին, բայց, եթե խոսք գնա մարտահրավերների և ապագայի խնդիրների լուծման մասին, ապա հիմնարար գիտությունն ունի իր շատ կարևոր դերը:
«Եվս մեկ անգամ պետք է նշեմ, որ մեկն առանց մյուսի պարզապես գոյություն ունենալ չի կարող»,- շեշտեց վերջինս:
Վերջում ԵՊՀ պրոռեկտորն անդրադարձավ նաև հաջողությունների պատմություններին:
Այստեղ խոսքն այն մասին է, թե ինչպես են որոշակի գաղափարներ կարևոր դառնում և երբեմն վերածվում աշխարհայացքի:
«Ես մաղթում եմ, որ այս միջազգային գիտաժողովի ընթացքում բարձրացված խնդիրներն ունենան իրենց հաջողությունների պատմությունը և վերածվեն աշխարհայացքի»,- խոսքը եզրափակելով՝ ասաց Էլինա Ասրիյանը:
Միջազգային գիտաժողովի անցկացման հարցում ցուցաբերած աջակցության համար շնորհակալագիր հանձնվեց Ուրարտու համալսարանի ռեկտոր, հոգեբանության դոկտոր, պրոֆեսոր Սեդրակ Սեդրակյանին, որն իր ելույթում նշեց, որ նմանօրինակ գիտաժողովները լավ հնարավորություն են նաև նոր կապեր հաստատելու համար, որոնք համատեղ հետազոտությունների հիմք են դառնում:
Շնորհակալագրեր հանձնվեցին նաև Ամերիկյան վարքագիտական ասոցիացիայի նախագահ Հարոլդ Թաքոշյանին, «Անտարես» հրատարակչությանն ու «Մայրի» բուժական մանկավարժության և սոցիալական թերապիայի կենտրոնին:
Գիտաժողովի անցկացման և ԵՊՀ հարյուրամյակի կապակցությամբ շնորհավորանքներ հնչեցին նաև Ռուսական կրթության ակադեմիայի հոգեբանական ինստիտուտի ներկայացուցիչ Վարվառա Մոռոսանովայի կողմից:
Վերջինս նշեց, որ հայ գիտնականների հետ իրենց ինստիտուտը միշտ էլ ջերմ հարաբերություններ և արդյունավետ համագործակցություն է ունեցել:
«Համալսարանի հիմնադրման հարյուր տարին բուռն զարգացման, գիտական բացահայտումների և ձեռքբերումների ժամանակահատված է, և մաղթում ենք, որ դուք կանգ չառնեք ձեռքբերածով և նոր հաջողություններ գրանցեք»,- ասաց Վարվառա Մոռոսանովան:
Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գիտաժողովն անցկացվում է 2007 թվականից, որին միշտ մասնակցում են աշխարհի առաջատար հոգեբաններ:
«Այս գիտաժողովում մենք համադրել ենք երկու կարևոր բնագավառ՝ հոգեբանական տեսություն, այսինքն՝ այն, ինչ մենք իրականացնում ենք կրթական համակարգում, և կիրառական հիմնախնդիրներ, որոնք շատ անհրաժեշտ են հոգեբանի պատրաստման և մասնագիտական գործունեություն իրականացնելու համար»,- նշեց ամբիոնի վարիչը:
Հրանտ Ավանեսյանն ավելացրեց, որ զուգահեռաբար յուրաքանչյուր տարի ավելանում է նաև սփյուռքահայ հոգեբանների մասնակցությունը գիտաժողովին, և այս տարի նախատեսվում է ստեղծել համահայկական հոգեբանների համացանց, որը համագործակցության հարթակ կլինի:
Վերջում Հրանտ Ավանեսյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց ֆակուլտետի այն ուսանողներին, որոնք այս օրերին ջանք ու եռանդ չեն խնայել միջազգային գիտաժողովը հավուր պատշաճի անցկացնելու համար:
Նմանատիպ նյութեր
1557 դիտում
17:34 10-10-2014
Երևանում մեկնարկել է «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով անդրանիկ համաժողովը
2917 դիտում
22:51 27-09-2018
ԵՊՀ-ում անցկացվել է «Աշխարհագրության և երկրաբանության արդի հիմնախնդիրները» խորագիրը կրող միջազգային գիտաժողով
Այս բաժնից
718 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2068 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
718 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար