211652_close_icon
views-count2314 դիտում article-date 11:17 08-10-2014

Էջմիածնի 2699-ամյակը նշվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ

Էջմիածին քաղաքի 2699-ամյակը շնորհավորելու համար այսօր Էջմիածին էր եկել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Տոնը Տերունական աղոթքով բացեց Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիմոն Եպիսկոպոս Ադամյանը: Նա իր խոսքում նշեց, որ Երևանը մեր մայրաքաղաքն է, Գյումրին՝ հայրաքաղաքը, Դիլիջանը՝ կրթաքաղաքը, իսկ Էջմիածինը ի վերուստ մեր հոգևոր կենտրոնն է: Ողջույնի ելույթներով հանդես եկան նաև Էջմիածնի քույր քաղաքների՝ ԱՄՆ-ի Ֆրեզնոյի քաղաքապետարանի ներկայացուցիչ Եղյա Ճինտերյանը, ֆրանսիական Իսի Լե Մուլինոյի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը, ով իր ելույթւոմ նշեց, որ իրենք ունեն մեկ նախագահ և, դիմելով Սերժ Սարգսյանին, ասաց. «Դա Դուք եք»: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն էլ իր խոսքում նշեց, որ հուզական է քաղաքի տոնը և այն ամենակարևորն է իրենց համար, հետևաբար ամեն տարի քաղաքապետարանն անում է ամեն ինչ՝ նոր շենք, նոր բակ ու փողոց, մշակույթի և կրթական կենտրոններ կառուցելու և վերանորոգելու համար: Քաղաքապետն ավելացրեց նաև, որ իրենց բարեմաղթանքներ ասողները շատ են, իսկ օգնողները՝ քիչ և հատուկ շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին, որ ամեն տարի Էջմիածնում իրականացվող աշխատանքներում իրենց կողքին է կանգնած է եղել և օգնել է, ինչով կարողացել է: Կարեն Գրիգորյանը քաղաքի տոնն էլ ավելի հիշարժան դարձնելու համար ՀՀ նախագահին նվիրեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի «աջը», Աստվածաշունչ և Սուրբ գեղարդը: Իսկ Էջմիածին քաղաքի Պատվավոր բարեկամի կոչմանն արժանացան Վաղարշապատի հիվանդանոցի տնօրեն, բժիշկ-սրտաբան Վաչագան Մկրտչյանը և նկարիչ-դիզայներ Ներսես Մելիքյանը: Քաղաքում տիրում է տոնական տրամադրությունը, ամենուր երկրի և քաղաքի դրոշներն են ծածանվում, ամեն քայլափոխի հանդիպում ես պատմական կերպարների, այբբենական տառերով պատկերների, ձիերով կառքերի:

Նմանատիպ նյութեր