211652_close_icon
views-count873 դիտում article-date 22:13 07-10-2014

Հայկական մշակութային միջոցառում` Ֆրանսիայում

Հոկտեմբերի 3-ին Փարիզի հարևանությամբ գտնվող Անյեր-սյուր-Սեն քաղաքի պատմական դղյակում տեղի ունեցավ «Հայաստան` քարերի գաղտնիք» խորագրով մշակութային միջոցառումների շարքի հանդիսավոր բացումը, որին մասնակցեցին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Անյեր-սյուր-Սեն քաղաքի քաղաքապետ Մանյուել Աշլիմանը, Ֆրանսիայում և ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դեսպաններ, տեղական կառավարման մարմինների ղեկավարներ, Օ-դը-Սեն տարածաշրջանի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հարյուրավոր հյուրեր: Դեսպան Չիտեչյանն իր ելույթում երախտագիտություն հայտնեց քաղաքի ղեկավարներին` միջոցառումների շարքը հյուրնկալելու և բարձր մակարդակով կազմակերպելու համար: Խոսելով «Հայաստան` քարերի գաղտնիք» մշակութային միջոցառումների շրջանակներում հայկական Ճարտարապետության և խաչքարերի արվեստի ցուցահանդեսի մասին` դեսպանն անդրադարձ կատարեց Ջուղայի խաչքարերի անդառնալի կորստի և պատմամշակութային արժեքների դեմ ոտնձգությունների դատապարտման անհրաժեշտության հարցերին՝ իր խոսքում դատապարտելով վերջերս տեղի ունեցած Դեյր Էր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը: Այնուհետև ներկաները հայտնի ֆրանսահայ ճարտարապետ Ալեն Դարոնյանի ուղեկցությամբ մասնակցեցին հայ ճարտարապետությանն ու խաչքարերի արվեստին նվիրված ցուցահանդեսին: Ցուցահանդեսը, որն իր շրջագայությունը սկսել է անցած աշնանից և արդեն ցուցադրվել Կոմպիեն, Բիարից, Վյեն, Էքս-ան-Պրովանս, Տուրնֆյոյ և Սեն-Տրոպեի քաղաքներում, մեծ հետաքրքրությամբ ընդունվեց Անյեր-սյուր-Սենի բնակիչների և քաղաքի հյուրերի կողմից: Մշակութային միջոցառումների շարքում հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ նաև ֆրանսիացի և հայ երաժիշտներից կազմված «Ամարկորդ» քառյակի ելույթը` ջութակահար Դավիդ Հարությունյանի ղեկավարությամբ: Հնչեցին Կոմիտասի, Բրամսի, Շումանի ստեղծագործությունները: «Հայաստան` քարերի գաղտնիք» խորագրով մշակութային միջոցառումների շարքը Անյեր-Սյուր-Սեն քաղաքում կտևի մինչև հոկտեմբերի 17-ը:

Նմանատիպ նյութեր