Հարավային Կորեայի ու ԿԺԴՀ-ի պարեկային մոտորանավակների միջև փոխհրաձգություն է գրանցվել
Հարավային Կորեայի ու ԿԺԴՀ-ի պարեկային մոտորանավակների միջև այսօր փոխհրաձգություն է գրանցվել: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ հյուսիսկորեական ռազմանավը Դեղին ծովում հատել է բաժանարար գիծը:
Այս մասին հայտնում է Yonghap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեի հայտարարությունը: Միջադեպը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 09.50-ին:
Հարավկորեական կողմն ընդգծել է, որ իրենք նախազգուշական կրակոց են արձակել՝ հյուսիսկորեական նավին ստիպելու համար նահանջել, սակայն ԿԺԴՀ-ի ռազմանավը փոխարենը պատասխան կրակ է բացել, ինչն էլ իրենց դրդել է վերստին կրակել, և միայն դրանից հետո է նահանջել հյուսիսկորեական նավը:
Միջադեպի հետևանքով զոհերի ու տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում: