Վարչապետն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին:
Վարչապետը բարձր է գնահատել պարոն Մուիժնիկսի ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման գործում եւ վերահաստատել ՀՀ կառավարության՝ արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանում արդարադատության համակարգի բարեփոխումների իրականացմանը եւ կանանց ու տղամարդկանց հավասարության ապահովմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը հետամուտ է մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների լուծմանը եւ քայլեր է իրականացնում դատաիրավական համակարգի նկատմամբ հանրային վստահության ավելացման եւ կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
Մասնավորապես, մշակվում է արդարադատության ոլորտի բարեփոխումների փաթեթ, կանանց ու տղամարդկանց հավասարության քաղաքականության շրջանակում ընդունվել են մի շարք ռազմավարական ծրագրեր ու փաստաթղթեր: Ակտիվ գործունեություն է ծավալում ՀՀ վարչապետին կից կանանց հարցերի խորհուրդը:
Կառավարությունը քայլեր է ձեռնարկում նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ներգրավվածությունը մեծացնելու ուղղությամբ:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը ողջունել է ՀՀ ԱԺ-ի կողմից «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի ընդունումը՝ կարեւորելով մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումներ շարունակական իրականացումը: Պարոն Մուիժնիկսը նաեւ կարեւորել է ՀՀ-ԵԽ 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրի
լիարժեք իրագործումը, որի շրջանակում ԵԽ-ն աջակցում է արդարադատության եւ քրեակատարողական ոլորտների բարեփոխումներին, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արդյունավետ կիրարկմանը եւ այլն: