Հայ-ֆրանսիական համագործակցությունը շարունակվում է
Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը Հայաստանի Հանրապետությունում էին ֆրանսիական CEA-DASE կազմակերպությունը ներկայացնող մեր գործընկերներ, ինժեներներ Ժան-Պոլ Սանտորը և Ժան-Բատիստ Լեբլանը:
Գործուղման նպատակն էր Վայքում, Կապանում և Ստեփանավանում տեղակայված ֆրանսիական սեյսմիկ սարքերի և սարքավորումների պրոֆիլակտիկան, բարոյապես ու ֆիզիկապես հնացած սարք-սարքավորումների փոխարինումը նորերով, համակարգչային աշխատանքային ծրագրերի ստուգումը: Նախատեսվում էր ֆրանսիացի գործընկերների աշխատանքը նաև Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում՝ կապի համակարգի հաստատման նպատակով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների և ֆրանսիացի գործընկերների համատեղ գործուղումներն ու աշխատանքն անցել են բարձր մակարդակով և փոխադարձ վստահության մթնոլորտում, գործուղման խնդիրները կատարվել են: Մինչև այս տարվա վերջը նախատեսվում է ֆրանսիական կողմի ղեկավարներից մեկի այցը Սեյսմիկ պաշտպանության ծառայություն, որի ընթացքում ճշտվելու են համագործակցության հետագա ուղիները և հստակեցվելու են կողմերի անելիքները: