Հակոբ Ինջիղուլյանի բուժզննության արդյունքները հայտնի են. նա սթրեսի հետևանքով ընդհուպ մինչև տեսողության ժամանակավոր կորուստ է ունեցել, քթի միջնապատի ձևախեղում և այլն
2013 թվականի օգոստոսի 8-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված եւ հոկտեմբերի 2-ին 3-րդ երկրից հայրենիք տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանի մոտ վեգետատիվ-անոթային դիստոնիա է ախտորոշվել, որը տեւական սթրեսի հետեւանք է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նյարդաբանության կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ դրան գերության մեջ երկար ժամանակ գտնվելն ու սթրեսային իրավիճակն է նպաստել: Գուրգեն Հովհաննիսյանի խոսքով, Հակոբի մոտ նաեւ քթի միջնապատի ձեւախեղում է հայտնաբերվել՝ շնչառական ֆունկցիայի խախտմամբ:
«Ապրումների հետեւանքով սրված տեսողության հետ կապված խնդրի եւս կա ընդհուպ մինչեւ տեսողության ժամանակավոր կորուստ»,- նշեց նյարդաբանության կլինիկայի ղեկավարը:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 2-ի վաղ առավոտյան Հակոբ Ինջիղուլյանը Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան: Լրագրողների հետ զրույցում նախկին ռազմագերին ասել էր, որ Բաքվում կտտանքների է ենթարկվել: Նրան ծեծել են, հայհոյել ու ծաղրել: «Ասել են` մեր ասածներով եթե չանես, Ադրբեջանի կողմից գերեվարված ու սպանված հովիվ Մանվել Սարիբեկյանի օրը կընկնես՝ կսպանվես: Սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցներից ու Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ կանչում ու ասում էին, թե ինչ պետք է խոսեմ»,- պատմել էր Հակոբը: