Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի ծայրահեղականները կարող են միավորվել մեկ ցանցի մեջ. Ֆրանսիայի ՊՆ
ТАСС-ի հաղորդմամբ՝ Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի երկրների ծայրահեղականները կարող են միավորվել մեկ ցանցի մեջ, և անհրաժեշտ է կանխել դա: Այս մասին Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը:
Հեյգելի խոսքերով՝ Ֆրանսիան ակտիվորեն պայքարում է իսլամականների դեմ՝ օպերատիվ արձագանքելով ի հայտ եկած անվտանգության մարտահրավերներին: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջև տվյալ ոլորտում ձևավորվել է ամուր գործընկերություն:
Լե Դրիանը հայտարարել է, որ Ֆրանսիայում մեծապես մտահոգված են Լիբիայում տիրող իրավիճակի կապակցությամբ. «Ջիհադական խմբերը գնալով դառնում են ավելի ուժեղ ու կազմակերպված: Մենք մտահոգված ենք, որ ահաբեկչական խմբավորումները, որոնք գործունեություն են ծավալել Նիգերիայից մինչև Մերձավոր Արևելք ընկած վիթխարի տիրույթում, կարող են միավորվել մեկ ցանցի մեջ: Մենք պետք է կանխենք այդպիսի ցանցի ստեղծումը»: