Ռասմուսենը նոր աշխատանք է գտել
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը դաշինքի ղեկավարի պաշտոնը լքելուց հետո Կոպենհանգենում բացել է Rasmussen Global խորհրդատվական ընկերությունը: Այս մասին Ռասմուսենը գրել է Facebook-ի իր էջում:
Ռասմուսենն ընդգծել է, որ այդ ընկերությունում պատրաստվում են ռազմավարական խորհրդատվություններ տալ կառավարություններին, համաշխարհային կազմակերպություններին ու խոշոր կորպորացիաներին: Ռասմուսենը պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ում ու Եվրոպայում գործընկերների լայն շրջանակի հետ:
Բացի այդ, Ռասմուսենը պատրաստվում է գիրք հրատարակել 21-րդ դարի ռազմավարական մարտահրավերների մասին: Հոկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռասմուսենին փոխարինել է Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Սթոլթենբերգը:
Վերջինիս թեկնածությունը հավանության է արժանացել ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների կողմից: Դանիացի Անդերս Ֆոգ Ռասմուսենը ՆԱՏՕ-ն գլխավորել է 2009 թվականից օգոստոսի 1-ից մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում: