ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենատարեց ծաղրածուն
ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենատարեց ծաղրածուն՝ Ֆլոյդ Կրիկմորը, ով հայտնի էր Creeky բեմական անվամբ: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Կրիկմորը կյանքին հրաժեշտ է տվել 98 տարեկանում, Մոնթանա նահանգի Բիլինգս քաղաքում գտնվող իր տանը:
Նրա մահվան պատճառը սրտային անբավարարությունն է: Դերասանի մահվան մասին մամուլին իրազեկել է նրա որդին: Ֆլոյդ Կրիկմորը ծնվել է 1916 թվականի հուլիսի 14-ին, Մոնթանա նահանգում: Իր կյանքի մեծ մասը Կրիկմորն անցկացրել է ռանչոյում աշխատելով, սակայն 1981 թվականից սկսել է զբաղվել կրկեսային գործունեությամբ:
1993 թվականին Ծաղրածուների միջազգային ասոցիացիան (International Shrine Clown Association, ISCA) Creeky-ին ճանաչել է տարվա ծաղրածու: 2012 թվականի փետրվարին Կրիկմորի անունը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես գործող ամենատարեց ծաղրածու: