Արմեն Մուրադյանը ստոմատոլոգների հետ քննարկել է աղի ֆտորացման նպատակահարմարության խնդիրը
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մի խումբ ստոմատոլոգների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց, որ առաջին անգամ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է առողջապահության բնագավառի բժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական և հանրային առողջապահական մասնագիտությունների ցանկը։
«Կարծում եմ՝ նեղ մասնագիտացումների հստակեցումը որոշակիորեն կնպաստի ստոմատոլոգիական ծառայությունում առկա խնդիրների լուծմանը»,-ասաց նախարարը` նշելով, որ գլխավոր մասնագետներ են նշանակվել նեղ մասնագիտությունների գծով։
Նախարարի հրամանով գլխավոր վիրաբույժ-ստոմատոլոգ և իմպլանտոլոգ է նշանակվել Կարեն Գրիգորյանը, գլխավոր օրթոպեդ-ստոմատոլոգ` Լևոն Գրիգորյանը, գլխավոր օրթոդոնտ` Արթուր Փափազյանը, գլխավոր մանկական ստոմատոլոգ` Հրանտ Տեր-Պողոսյանը։ Լազար Եսայանը կշարունակի իրականացնել ՀՀ ԱՆ գլխավոր ստոմատոլոգի պարտականությունները:
Նախարարը հորդորեց միասին թիմային աշխատանք տանել` ոլորտում առկա խնդիրները համատեղ ուժերով բարձրացնելու և լուծման ճանապարհներ գտնելու ուղղությամբ։
Նշվեց, որ առողջապահական համակարգի մասնագիտությունների և նեղ մասնագիտությունների ցանկը հնարավորություն կտա հստակեցնել թույլատրվող բժշկական մասնագիտությունների շրջանակը։ Նախարարը հրավիրված գլխավոր մասնագետներին հորդորեց նեղ մասնագետների իրավասությունների շրջանակը հստակեցնելու նպատակով մասնագիտացման անձնագրեր պատրաստել և սահմանել որակավորման բնութագրեր:
Այնուհետև քննարկվեց աղի ֆտորացման նպատակահարմարության հարցը։ Նախարարը հետաքրքրվեց, թե մինչև այժմ այդ ուղղությամբ ինչ հետազոտություններ են կատարվել և ինչպիսի մոտեցումներ կան։ Արմեն Մուրադյանը հանձնարարեց այս ուղղությամբ գնահատականներ տալ՝ հաշվի առնելով համաշխարհային փորձը, նաև համագործակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի, հանրային առողջապահության մասնագետների հետ։