Իրանը խոստանում է իր միջուկային խնդրի լուծման դեպքում օգնել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում. Հասան Ռուհանի
Իրանը կարող է ընդլայնել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերության դեմ պայքարում Արևմուտքի հետ փոխգործակցության շրջանակները, եթե հաջողվի ստորագրել «Վեցյակի» հետ իրանական միջուկային խնդրի համաձայնագիրը: Նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռուհանին Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԱԽ-ի 69-րդ նստաշրջանում, փոխանցում է Wall Street Journal-ը:
Իրանի նախագահի խոսքով՝ համաձայնագրի ստորագրումը թույլ կտա ընդլայնել միջազգային համագործակցությունը ահաբեկիչների դեմ պայքարում:
«Եթե բանակցությունները հաջողությամբ պսակվեն, ապա այլ միջավայր կստեղծվի տարածաշրջանային և միջազգային մակարդակներով համագործակցության համար: Դա թույլ կտա ավելի կենտրոնանալ տարածաշրջանային այնպիսի հարցերի լուծման վրա, ինչպիսին ծայրահեղ իսլամիստների դեմ պայքարն է»,-ասել է Ռուհանին: