Մեծ յոթնյակի (G7) երկրների արտգործնախարարներն ու ԵՄ-ը ողջունում են մինսկյան պայմանավորվածությունները` ուղղված Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը: Դա արտացոլված է նրանց համատեղ հայտարարությունում: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Մեծ յոթնյակն ընդգծում է, որ այդ համաձայնագիրը ստեղծում է կարևոր ու բարենպաստ հնարավորություններ` հակամարտության քաղաքական կարգավորման համար, որի ժամանակ լիակատար հարգանք կցուցաբերվի Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ:
Փաստաթղթի հեղինակների կարծիքով` Ռուսաստանը նույնպես պետք է ապահովի, որ իրագործվեն մինսկյան համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորությունները և շարունակվի Ուկրաինայի քաղաքական գործընթացը:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետ կապված` Մեծ յոթնյակի դիվանագետները վստահեցրել են, որ պատժամիջոցներն ինքնանպատակ չեն, և որ դրանք կվերացվեն միայն այն բանից հետո, ինչ Ռուսաստանը կկատարի հրադադարի հետ կապված ու մինսկյան պայմանավորվածություններով ստանձնած պարտավորությունները: