211652_close_icon
views-count1046 դիտում article-date 20:49 25-09-2014

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

Սեպտեմբերի 22-ին «Հայաստանի դեսպանության բարեկամներ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Փարիզում տեղի ունեցավ ավանդական պաշտոնական ընդունելությունը՝ նվիրված ՀՀ անկախության 23-րդ տարեդարձին: Ընդունելությանը ներկա էին «Հայաստանի դեսպանության բարեկամներ» կազմակերպության մի քանի տասնյակ անդամներ, ֆրանսահայ հասարակական գործիչներ, ֆրանսահայ հոգևորականության և մամուլի ներկայացուցիչներ: Դիմելով հյուրերին` Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը նախ շնորհավորանքի խոսքեր ասաց Անկախության տոնի կապակցությամբ Հայաստանի բարձրագույն պարգևների արժանացած ֆրանսահայ գործիչներին, այնուհետև ներկայացրեց Անկախության օրվա իր ուղերձը։ Սեպտեմբերի 23-ին ՀՀ անկախության տարեդարձին նվիրված միջոցառում տեղի ունեցավ Մարսելում, որը կազմակերպել էր ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Միջոցառմանը ներկա էին դեսպան Վիգեն Չիտեչյանը, Մարսել-Պրովանս-Մետրոպոլ համայնքի նախագահ-պատգամավոր Գի Տեսիեն, քաղաքապետեր, մարզային, շրջանային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ֆրանսիայի խորհրդարանականներ, Մարսելում հավատագրված հիսունից ավելի գլխավոր հյուպատոսներ, ֆրանսահայ հոգևորականության ներկայացուցիչներ, քաղաքական, հասարակական և մշակութային հարյուրավոր գործիչներ։ Ընդունելության բացման ողջույնի խոսքով եկավ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշը: Ցուցադրվեցին ցուցանմուշներ «Արմենիակա` հայկական ճարտարապետության ուսումնասիրության առաջամարտիկները» խորագրով ցուցահանդեսից: Ներկայացվեցին նաև Անի Տոնապետյանի հայկական մոտիվներով ձեռագործ աշխատանքները: Ընդունելության արարողությունը հեռարձակվեց «Ֆրանս-3» հեռուստաալիքով և լայնորեն լուսաբանվեց տեղական հեռուստատեսությունների և մամուլի կողմից։

Նմանատիպ նյութեր