211652_close_icon
views-count809 դիտում article-date 19:40 24-09-2014

Ուշադրության կենտրոնում պատվաստումներն են

Մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ մարզերի ոլորտի պատասխանատուները մանրամասն տեղեկացրեցին իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման ընթացքի, դրանում ընդգրկվածության ցուցանիշների, մարզերի և Երևանի պոլիկլինիկաներում զինակոչիկների առողջության անձնագրերի տրամադրման, նրանց պատվաստումների կազմակերպման, ինչպես նաև նախորդ խորհրդակցության ընթացքում ստացած այլ հանձնարարականնների կատարման մասին։ Նաև քննարկվեցին մարզային ենթակայության բուժհաստատություններում առկա իրավիճակն ու խնդիրները։ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանն առաջարկեց ուշադրության կենտրոնում պահել առողջական բարդ խնդիրներ ունեցող հիվանդների բուժման ընթացքը, անհրաժեշտության դեպքում օգտվել մարզային հիվանդանոցներում գործող հեռուստակապի հնարավորություններից։ «Ինչպես գիտեք, նախարարության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համատեղ ծրագրով շտապօգնության կայանները համալրվել են հակարագչային տեխնիկայով, հանրապետության բոլոր շտապօգնության մեքենաներն ապահովվել են պլանշետներով։ Ծառայության այս բարեփոխումներն, անկասկած, կնպաստեն բնակչության առաջին բուժօգնության բարելավմանը։ Սրանք, միաժամանակ, էլեկտրոնային առողջապահության ներդրման առաջին քայլերն են, որոնց հիմքերը պետք է լավ դրվեն»,-ասաց Վահան Պողոսյանը։ Նա մարզերի առողջապահական ոլորտի պատասխանատուներին հորդորեց ամենայն պատասխանատվությամբ կազմակերպել զորակոչիկների առաջին անգամ պոլիկլինիկաներում իրականացվող պատվաստումները։ Կարևորվեցին նաև առողջության պահպանման առաջնային օղակում որդեգրվող նոր մոտեցումները։ Մասնավորապես, խոսվեց առաջին անգամ նախատեսվող կանխարգելիչ կանչերի կազմակերպման մասին։ Սկզբնական շրջանում այն կկիրառվի սոցփաթեթի շահառուների նկատմամբ։ Փոխնախարարը, միաժամանակ, հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել բուժհիմնարկների ֆինանսական հոսքերը` տարին առանց ֆինանսական խնդիրների փակելու նպատակով։

Նմանատիպ նյութեր