Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Աջարիայում սպասվում է եղանակի կտրուկ վատացում: Այս մասին հայտարարաել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների նախարար Զուրաբ Կոպաձեն:
Նախարարը նշել է, որ սպասվում է հորդառատ անձրևների և սողանքների շարունակություն, որոնք սկսվել էին դեռ սեպտեմբերի 20-ին: Տարերային աղետի դեմ պայքարելու համար բերվել է հատուկ տեխնիկա, իսկ Քոբուլեթի և Խելվաչաուրի է ուղարկվել երկրաբանների խումբ:
«Կարելի է ասել, որ ներկա պահին իրավիճակը մի քիչ կայուն է և գտնվում է վերահսկողության տակ, սակայն կեսգիշերին սպասվում է եղանակի վատացում: Նախնական եզրակացությամբ՝ վիճակը բարդ կլինի շրջանի 10 կետերում: Անհրաժեշտության դեպքում բնակչությունը կտարհանվի»,-ասել է Կոպաձեն:
Հիշեցնենք, որ հորդառատ անձրևների առաջացրած սողանքներին և ընդհանուր իրավիճակին ծանոթանալու համար սեպտեմբերի 22-ին Աջարիա էր մեկնել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: