730 դիտում
17:28 23-09-2014
Շվեյցարացի փորձագետների հետ համատեղ կբարելավվեն փրկարարական թիմերի կարողությունները
Սեպտեմբերի 23-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ԱԻ նախարարության և Շվեյցարիայի զարգացման ու համագործակցության գործակալության (SDC) ներկայացուցիչների համատեղ աշխատաժողովը` նվիրված «Տարածաշրջանում արագ արձագանքման թիմերի ստեղծում» ծրագրի առաջին փուլի արդյունքների ամփոփմանն ու երկրորդ փուլի պլանավորմանը:
ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդես եկավ բացման խոսքով` կարևորելով համագործակցության արդյունավետությունը. «2004 թվականից սկսվել է մեր համագործակցությունը, որի արդյունքում մոտ 3000 հրշեջներ վերապատրաստում են անցել` դառնալով պրոֆեսիոնալ հրշեջ-փրկարարներ: Մեր համագործակցության արդյունքում արտակարգ իրավիճակների նախարարությունը վերազինվեց միջազգային չափանիշներին համապատասխան տեխնիկայով: 2015 թ.-ին մենք կարող ենք հպարտությամբ զեկուցել, որ պատրաստ ենք լինել ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամ: Մեր համագործակցությունն օրինակելի է բոլորի համար»:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը, անդրադառնալով ծրագրի առաջին փուլի աշխատանքներին, հույս հայտնեց, որ գնահատելով արվածը և նախատեսելով անելիքները` մենք հստակ ծրագիր կմշակենք հետագայի համար:
ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը ներկայացրեց Երևանում, Կապանում և Գյումրիում տարածաշրջանային արագ արձագանքման թիմերի հետ անցկացված վարժանքների ու վերապատրաստման դասընթացների արդյունքները:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերազինել փրկարար ծառայությունը` հզորացնելով թե տեխնիկապես, թե մասնագիտական հմտություններով: Արդեն վերապատրաստում է անցել 141 հրշեջ-փրկարարական ջոկատի անդամ, իսկ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ համագործակցությունը նպաստավոր պայմաններ կստեղծի պրոֆեսիոնալ հրշեջ-փրկարարներ ունենալու գործում:
Մարդասիրական օգնության միության ղեկավար Մարտինա Ռամմինգն, ամփոփելով համագործակցության արդյունքները, անդրադարձավ նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությանն ու ձեռքբերումներին. «Մենք աջակցում ենք փրկարար ջոկատներին, որպեսզի նրանք ճգնաժամային իրավիճակներում առավել արագ և արդյունավետ արձագանքեն: Համագործակցության գլխավոր նպատակը ՀՀ-ում արագ արձագանքման թիմեր ստեղծելն է: Մասնակցելով հուլիս ամսին Գյումրիում անցկացվող ուսումնավարժանքին` նկատեցի, որ նախարարությունը մեծ առաջընթաց ունի և գնալով հզորանում է»:
Մասնակիցները կատարեցին նաև խմբային աշխատանք, որի ընթացքում քննարկեցին ծրագրի առաջին փուլի արդյունքները, ընտրեցին համաձայնեցման կարիք ունեցող առավել կարևոր խնդիրները և նախանշեցին երկրորդ փուլի անելիքները:
Աշխատաժողովի մասնակիցները քննարկումները կշարունակեն նաև սեպտեմբերի 24-ին:
Նմանատիպ նյութեր
1533 դիտում
18:17 10-04-2014
Անցկացվել է Երևանի մանկապատանեկան հրշեջ-փրկարարական թիմերի առաջնությունը
818 դիտում
22:00 26-06-2015
Շարունակվում է մարզերում փրկարարական թիմերի ձևավորումը
Այս բաժնից
568 դիտում
15:31 09-01-2025
ՏԿԵ նախարարը չի բացառել մարզերում տրանսպորտի գնի բարձրացումը