211652_close_icon
views-count1192 դիտում article-date 23:55 12-09-2014

Երևանում չինական թեքումով դպրոց կբացվի

Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրընկալել էր Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին: ՀՀ-ում իր դիվանագիտական ծառայության վերջին օրերն անցկացնող դեսպանի հետ հանդիպման նպատակը մինչ այժմ եղած համագործակցության ամրապնդումն էր և նոր ծրագրերի քննարկումը: «Մինչ Հայաստան գալս աշխատել եմ նաև Ալբանիայում, Բուլղարիայում և այլուր, բայց պետք է խոստովանեմ, որ ամենահանգիստը եղել է այստեղ. երբևէ որևէ խնդրի չեմ հանդիպել»,- ասում է դեսպան պարոն Չանչունը: ԵՊՀ-ի և դեսպանատան միջև համագործակցությունն ունի երկար տարիների պատմություն: Ռեկտոր Արամ Սիմոնյանը վստահեցնում է, որ ակադեմիական մակարդակում դա արդեն իր պտուղները տվել է: «Այս տարի մեզ մոտ ավելացել է չինարեն ուսումնասիրող ուսանողների թիվը, ինչը մեզ ուրախացնում է: Եվ արդեն մտածում ենք այդ լեզվի ուսուցումն ընդլայնելու մասին, որպեսզի այն ուսումնասիրելու հնարավորություն ունենան ոչ միայն Միջազգային հարաբերությունների և Արևելագիտության, այլև մյուս ֆակուլտետների ուսանողները»,- նշեց պարոն Սիմոնյանը: Նա գոհունակությամբ խոսեց նաև վերջերս Ռուս բանասիրության ֆակուլտետի հետ իրականացրած ծրագրի մասին, որի շրջանակներում չինացի մի խումբ ուսանողներ այստեղ սովորում էին ռուսերեն: Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաև ԵՊՀ պրոռեկտորներ Գեղամ Գևորգյանը, Ալեքսանդր Գրիգորյանը և Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, պարոն Սիմոնյանը մտադրություն հայտնեց չինագիտությունը համալսարանում ավելի բարձր մակարդակով ուսումնասիրելու վերաբերյալ: Դեսպան Չանչունն էլ հավելեց, որ Չինաստանի Կոնֆուցիոսի համալսարանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու ինչպես մասնագետների տրամադրման ու վերապատրաստման, այնպես էլ տեխնիկական միջոցների առումով: Ի դեպ, նա տեղեկացրեց, որ շուտով Երևանում բացվելու է չինական թեքումով դպրոց, որտեղ աշակերտներին, հանրակրթական մյուս առարկաներից բացի, խորությամբ կուսուցանվի նաև չինական մշակույթը, լեզուն և այլն:

Նմանատիպ նյութեր