211652_close_icon
views-count1012 դիտում article-date 21:51 08-09-2014

ՀՀ կառավարության սոցիալական քաղաքականությունը՝ բարձրագույն կրթության ոլորտում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Եվրոպական միության Բարձրագույն կրթության սոցիալական ուղղվածության ուսումնասիրությամբ զբաղվող՝PL4SD փորձագետների խմբի հետ: ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ողջունելով նրանց՝ ներկայացրել է բարձրագույն կրթության ոլորտի ՀՀ կառավարության սոցիալական քաղաքականությունը: Կ. Հարությունյանը նշել է, որ Հայաստանը Բոլոնիայի գործընթացի համատեքստում իրականացրել է մի շարք կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ, ինչպես նաև մշակել է սոցիալական աջակցության փաթեթ՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների համար: Կատարվել են օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալիս պետության կողմից ամրագրված սոցիալական խմբերին օգտվել ուսման վարձի զեղչերից: Ուսման վարձի զեղչեր են նախատեսված անապահովության համակարգում հաշվառված ընտանիքների ուսանողների, բազմազավակ ընտանիքների, սոցիալական կարգավիճակ ունեցող և հաշմանդամ ուսանողների համար: Առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողների համար բարձրագույն կրթությունն անվճար է, պետությունը մրցութային կարգով փոխհատուցում է նաև բանակից զորացրվածների կրթությունը: Բարձրագույն և հետբուհական կրթության մասին օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ բուհերը պարտավորվել են ուսանողական վարձերից ստացված եկամուտների առնվազն 7 տոկոսը հատկացնել սոցիալապես անապահով ուսանողների վարձերի մասնակի կամ ամբողջական փոխհատուցմանը:Կան նաև հասարակական և մասնավոր բնույթի բարեգործական տարբեր նախաձեռնություններ, որոնք իրականցանում են ուսման վարձի փոխհատուցման և կրթաթոշակային ծրագրեր՝ ուսանողների համար: Նշվել է, որ այժմ քննարկվում է ուսման վարձի վերին շեմ սահմանելու մասին օրինագիծը: Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև «Լույս» հիմնադրամի գործունեությանը, ուսման վարձերի սահմանման ընդհանուր սկզբունքներին և մի շարք այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր