211652_close_icon
views-count544 դիտում article-date 20:40 08-09-2014

Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարների հանդիպումը

Սեպտեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երևան ժամանած Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց բարձր մակարդակով հաճախակի փոխայցելությունների կապակցությամբ` ընդգծելով, որ դրանք նոր լիցք են հաղորդում տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության զարգացման համար։ Նախարարներ Նալբանդյանն ու Կուրցը բովանդակալից զրույց ունեցան երկկողմ օրակարգի տարբեր հարցերի շուրջ, անդրադարձան ս.թ. հունիսին ՀՀ Նախագահի` Ավստրիա կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, քննարկեցին առևտրատնտեսական, մշակութային, գիտակրթական և այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները, տարածաշրջանային, միջազգային հարցեր։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նախարար Կուրցը նշեց, որ Հարավային Կովկասի տարածաշրջան է այցելում իր պաշտոնավարման առաջին տարվա ընթացքում, քանի որ այն շատ հետաքրքիր և հեռանկարային է։ Նախարար Կուրցն ընդգծեց, որ իր գլխավորած ներկայացուցչական պատվիրակության նպատակն է քննարկել և պայմանավորվածություններ ձեռք բերել` Հայաստանի հետ համագործակցության խորացման վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվեց, որ հարկավոր է առավել ջանքեր գործադրել` ամրապնդելու համագործակցությունը երկու երկրների միջև տարբեր ոլորտներում, կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը: Նախարար Նալբանդյանը դրական գնահատեց Երևանում Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակի հիմնումը, որի պաշտոնական բացումը` Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարների ներկայությամբ, նախատեսվում է իրականացնել այսօր երեկոյան: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունեց նախարար Կուրցի պատվիրակության կազմում ավստրիացի գործարարների ներկայությունը, որոնք հետաքրքրված են հայ գործընկերների հետ համատեղ ծրագրերի իրականացմամբ։ Էդվարդ Նալբանդյանի բնորոշմամբ` դա կարող է նոր խթան հանդիսանալ` առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման համար։ Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան - Եվրոպական միություն օրակարգի հարցերին, այդ ձևաչափով համագործակցությանը։ Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի արդի փուլը: Երկուստեք ընգծվեց, որ այն պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից առաջարկված սկզբունքների և դրույթների հիման վրա: Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին միջազգային կարևորության մի շարք խնդիրների շուրջ։

Նմանատիպ նյութեր