211652_close_icon
views-count773 դիտում article-date 17:27 08-09-2014

ՀՀ գյուղնախարարն ընդունել է «Բիլֆինգեր Բերգեր» ավստրիական ընկերության ներկայացուցչին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Բիլֆինգեր Բերգեր» ավստրիական ընկերության տարածաշրջանային տնօրեն Մասուդ Միրզային: Ընկերությունն իրականացնում է վարկային ծրագրեր մի շարք երկրներում: Հանդիպման նպատակն էր ընկերության կողմից Հայաստանում վարկային ծրագրերի իրականացման հնարավորության քննարկումը: «Այսօր Հայաստանի և Ավստրիայի միջև ակտիվացել է համագործակցությունը տարբեր ոլորտներում, երկուստեք կազմակերպվել են բիզնես-ֆորումներ, իսկ շուտով Երևանում կբացվի Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակը, ինչը նոր հարթակ կհանդիսանա հայ-ավստրիական տնտեսական համագործակցության զարգացման համար», - ողջունելով հյուրերին նշել է նախարարը: Իր հերթին Մասուդ Միրզան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և առաջարկել է ճշգրտել ընկերության կողմից Հայաստանում իրականացվելիք ծրագրերը, որից հետո Ավստրիայից Հայաստան կգործուղվեն համապատասխան մասնագետներ` տեղում ուսումնասիրություններ կատարելու նպատակով: Զրույցի ընթացքում նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսական այն ոլորտներին, որտեղ կարելի է իրականացնել համագործակցություն: Դրանց թվում են կաթիլային ոռոգման և հակակարկտային ցանցերի համակարգի ներդրումը, փակ և կիսափակ ցիկլով գործող ձկնաբուծարանների համար ժամանակակից սարքավորումների տրամադրումն, ինչպես նաև խորհրդատվական համակարգի կատարելագործումը: Հանդիպման ավարտին պարոն Միրզան ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին հրավիրել է այցելել Ավստրիա, ինչին ի պատասխան նախարարը տեղեկացրել է հյուրին առաջիկայում Ավստրիա նախատեսվող այցի մասին` երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով:

Նմանատիպ նյութեր