1276 դիտում
17:08 30-06-2014
ՀՀ գյուղնախարարն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային գրասենյակի տնօրենին
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունեց Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային և հայաստանյան գրասենյակների տնօրեններ Ռուդոլֆ Շոխին և Զառա Ալավերդյանին:
Հանդիպման նպատակը նշված կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի և համագործակցության նոր հեռանկարների քննարկումն էր:
Հանդիպման սկզբում նախարարը նշեց, որ այսօր մեր երկիրը շարունակում է ընդլայնել և խորացնել իր հարաբերությունները եվրոպական միության երկրների և միջազգային կազմակերպությունների հետ:
Բարձր գնահատելով կազմակերպության ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում, նախարար Սերգո Կարապետյանն առանձնապես կարևորեց նշված համագործակցության շրջանակներում իրականացվող Սյունիքի մարզի անասնապահության և Մեղրիի գյուղատնտեսության զարգացման ծրագրերը, որոնց շնորհիվ հնարավոր է եղել իրականացնել կենդանիների որոշ հիվանդությունների հայտնաբերման և կանխարգելման աշխատանքներ, բարձրացնել անասնապահությամբ զբաղվող ֆերմերների մասնագիտական և բիզնես հմտություններ, ինչպես նաև զարգացնել պտղաբուծությունը մասնավորապես Մեղրիի տարածաշրջանում:
Նախարարը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության նոր պաշտոնական կայքի ստեղծման գործում շվեյցարական կողմի աջակցության համար:
Պարոն Շոխը նշեց, որ նշված հաջողությունները համատեղ և արդյունավետ աշխատանքի արդյունք են, և որ շվեյցարական կողմն առաջիկայում ևս շարունակելու է Հայաստանում իրականացնել գյուղի և գյուղատնտեսության զարգացման այլ ծրագրեր՝ ավելացնելով թե դրանց ուղղվածությունը, և թե նոր տարածքների ընդգրկումը:
Նախարար Սերգո Կարապետյանը միաժամանակ տեղեկացրեց, որ երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման նպատակով շուտով կստորագրվի Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր և առաջարկեց նման մի համաձայնագիր ստորագրել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության միջև, որը ընդունվեց գոհունակությամբ: Նախարարն առաջարկեց նաև Սյունիքի մարզի օրինակով հաջորդ տարվանից հակահամաճարակային միջոցառումներ իրականացնել ամբողջ հանրապետության տարածքում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաև Հայաստանի գյուղատնտեսությունում առկա և լուծումներ պահանջող այնպիսի հիմնախնդիրների, ինչպիսիք են գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման ճանապարհով տնտեսությունների խոշորացումը և գյուղատնտեսական ռիսկերի նվազեցումը, որոնց լուծման համար պարոն Շոխը պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել ներկայացվող առաջարկությունները:
Նմանատիպ նյութեր
8706 դիտում
15:49 25-05-2018
ՀՀ գյուղնախարարն ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության գրասենյակի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
Այս բաժնից
943 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
871 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
928 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին