Ռուսաստանը ձեռնամուխ է եղել Արկտիկայում մշտական ռազմաբազա ստեղծելուն
Ռուսաստանի զինված ուժերը ձեռնամուխ են եղել Արկտիկայում` Նովոսիբիրսկյան կղզիներում, մշտական ռազմաբազա հիմնելուն: Այդ նպատակով Հյուսիսային նավաըորմի նավերի ջոկատը Սևեռոմորսկից շարժվել է այդ կղզիների ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Այդ նավերը կղզիներ են հասցնում մարտավարական խմբի անձնակազմը, տեխնիկան ու գույքը, որն այս տարվանից մարտական ծառայություն կկատարի կղզիներում: Ինչպես հայտնել է Հյուսիսային նավատորմի հրամանատար, ծովակալ Վլադիմիր Կոռոլևը, ներկայումս Նովոսիբիրսկյան կղզիների ուղղությամբ են շարժվում «Ադմիրալ Լևչենկո» հակասուզանավային խոշոր նավը, «Գեորգի Պոբեդոնոսեց» և «Կոնդոպոգա» խոշոր դեսանտանավերը, «Սերգեյ Օսիպով» լցանավը, «Պամիր» փրկարակական բուքսիրը և Բալթյան նավատորմի «Ալեքսանդր Պուշկին» օժանդակ նավը:
Նա հավելել է, որ նավիգացիոն տեսանկյունից արկտիկյան շրջաններում բարդ պայմաններում նավարկության առավել անվտանգությունն ապահովելու համար որոշվել է տվյալ գործընթացում ներառել նաև Հյուսիսային նավատորմի ծովային ավիացիայի ինքնաթիռներ ու ուղղաթիռներ, իսկ մի շարք փուլերում պլանավորված է «Ռոսատոմի» ատոմային սառցահատների ուղեկցում: