Ռուսաստանն արգելք է դրել Ուկրաինայից հրուշակեղենի ներկրման վրա
Lenta.ru-ն հայտնում է, որ Ռուսաստանի Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը (Роспотребнадзор) սեպտեմբերի 5-ից արգելք է դրել Ուկրաինայից հրուշակեղենի ներկրման վրա:
Համապատասխան տեղեկատվությունը նշված է գերատեսչության տարածած հայտարարությունում: Роспотребнадзор-ը ստուգումներ է անցկացրել ուկրաինական «Կոնտի» և «ԱՎԿ» ընկերությունների արտադրանքում և հայտնաբերել է խախտումներ: Մասնավորապես օրենսդրական պահանջներին չի համապատասխանել արտադրանքի պիտակավորումը:
2013 թավականին Ռուսաստանն Ուկրաինայից ներկրել է 193.900 տոննա հրուշակեղեն, ինչը գնահատվում է 472.1 միլիոն դոլար: Սրանից առաջ էլ կասեցվել է Ուկրաինայից սննդամթերքի մի շարք տեսակների ներկրումը: