Ֆրանսիայի իշխանությունները որոշել են հրաժարվել Ռուսաստանին «Միստրալ» ուղղաթիռակիր մատակարարելուց՝ կապված Ուկրաինայում նրա վերջին գործողությունների հետ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:
Օլանդն ընդգծել է, որ Ֆրանսիայի կառավարությունն Ուկրաինայի վերջին դեպքերի պատճառով չի կարող Ռուսաստանին հատկացնել «Միստրալ» տիպի երկու դեսանտանավերից առաջինը: Ֆրանսիայի նախագահը որոշել է, որ չնայած ռազմական գործողությունների դադարեցման հեռանկարին՝ դեռ չկան այնպիսի պայմաններ, որոնք հնարավոր կդարձնեին առաջին դեսանտանավի մատակարարումը Ռուսաստանին:
Ռուսաստանի ռազմածովային ուժերի համար ֆրանսիական երկու ուղղաթիռակիր կառուցելու մասին, 1.2 միլիարդ եվրո արժողությամբ պայմանագիրը ստորագրվել է 2011 թվականի հունիսին: Ակնկալվում էր, որ առաջին նավ «Վլադիվոստոկը» ռուսական նավատորմը կհամալրեր 2014 թվականին, իսկ երկրորդ նավ «Սևաստոպոլը»՝ 2015 թվականին: