Վրաստանը Սաակաշվիլիին միջազգային հետախուզում հայտարարելու հայցն ուղարկել է Ինտերպոլ
Վրաստանի գլխավոր դատախազությունը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու հայցն ուղարկել է Ինտերպոլ:
Ինչպես հաղորդում է Georgia Online գործակալությունը, այս մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազության իրավաբանական վարչության ղեկավար Իրակլի Չիլինգարաշվիլին: Ինտերպոլը ներկա պահին քննում է հայցը:
Սեպտեմբերի 1-ին Հունաստանի ոստիկանությունը 4 ժամով կանգնեցրել էր Սամոս կղզու ափերի մոտ գտնվող նավը, որում եղել է Սաակաշվիլին: Չիլինգարաշվիլիի խոսքով՝ Վրաստանի ոստիկանությունը հաղորդագրություն էր ստացել այդ մասին, սակայն հունական ոստիկանությունհը ստիպված է եղել ազատ արձակել Սաակաշվիլիին:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիի դեմ մեղադրանք է առաջադրվել 2007 թվականին ընդդիմության խաղաղ ցույցը բռնի ուժով ցրելու, ինչպես նաև «Իմեդի» հեռուստաընկերությունը և օլիգարխ Բադրի Պատարկացիշվիլիի կարողությունը յուրացնելու համար: