Հնդկական կոշիկը ցույց է տալիս տիրոջ ճանապարհը
Հնդկաստանում ստեղծել են այնպիսի կոշիկ, որն իր տիրոջը ցույց է տալիս, թե որ ուղով է անհրաժեշտ գնալ: Կոշիկը հնարել են դեռևս 2011 թվականին, ցայժմ դրանից օգտվում է մոտ 50 մարդ: Այս մասին հայտնում է The Times of India-ի կայքը:
Կարմիր գույնի հողաթափերը տեղանքում կողմնորոշվում և երթուղին գտնում են GPS-ի օգնությամբ: Անհրաժեշտ ուղղությունը ցույց տալու համար կոշիկում տեղադրված հատուկ սարքն առաջացնում է վիբրացիա՝ տիրոջը հասկացնել տալով, որ անհրաժեշտ է փոխել ուղղությունը համապատասխան ուղղությամբ՝ կախված նրանից, թե որ կոշիկն է (աջ կամ ձախ) ազդարարում այդ մասին:
Կոշիկը ղեկավարվում է Bluetooth-ի ազդանշանների ու սմարթֆոնների համար հատուկ հավելվածի օգնությամբ: Որպես սնման աղբյուր՝ օգտագործվում է սովորական մարտկոց: Նախատեսված է նաև քայլքի ժամանակ ծախսած կալորիաների հաշվարկ: Կոշիկն արժե 100-150 դոլար:
Դրա հիմնական պատվիրատուները զբոսաշրջիկներն են, որոնք չեն ցանկանում հանգստի ժամանակ մտահոգվել իրենց երթուղու մասին: Ներկա դրությամբ ստացվել է 25.000 զույգի պատվեր, իսկ մինչև 2015 թվականի ապրիլն այդ ցուցանիշը կհասնի ավելի քան 100.000 զույգի: