Ղազախստանը սպառնում է, որ դուրս կգա Եվրասիական տնտեսական միությունից
Ղազախստանն իրավունք ունի հրաժարվելու Եվրասիական տնտեսական միությունից, եթե իր շահերին դիպչեն: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը «Խաբար» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Ղազախստանի նախագահի խոսքով՝ իր երկիրը դուրս կգա այդ միությունից, եթե պայմանագրով հաստատված իրավունքները չպահպանվեն: Նա հիշեցրել է, որ նախկինում էլ է զգուշացրել այդ մասին և ընդգծել, որ իր երկիրը չի լինի այն երկրների կազմում, որոնք սպառնալիք կներկայացնեն:
«Մեր անկախությունը մեր ամենաթանկ գանձն է, որի համար պայքարել են մեր պապերը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վ. Պուտինը հայտարարել էր, որ Ղազախստանը երբեք պետություն չի եղել և հետևաբար չի ունեցել պետականություն: Փորձագետները չեն բացառում, որ Ուկրաինայից հետո հաջորդ երկիրը կարող է լինել Ղազախստանը, որի նկատմամբ Ռուսաստանը տարածքային պահանջներ կներկայացնի: