«Ճերմակ արագիլ» և «Ծիրան: Հայաստանի օրհնված ծառը» վավերագրական ֆիլմերը ցուցադրվեցին Սփյուռքի նախարարությունում
Օգոստոսի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ամերիկահայ պրոդյուսեր Շիրակ Խոջայանի «Ճերմակ արագիլ» և «Ծիրան: Հայաստանի օրհնված ծառը» վավերագրական ֆիլմերի ցուցադրությունը: Ֆիրլմերի դիտմանը ներկա էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, տեր և տիկին Շիրակ և Սեդա Խոջոյանները, Ֆիլմերի ստեղծագործական խմբերի ներկայացուցիչներ, սփյուռքի նախարարության աշխատակիցներ:
Շիրակ Խոջոյանը կինոպրոդյուսեր է, խմբագիր և կինոլուսանկարիչ: Ծնվել է Բաղդադում և մինչև 1977 թ. ղեկավարել է Իրաքի պետական հեռուստաընկերության ֆիլմարտադրության բաժինը: 1977 թ. տեղափոխվել է ԱՄՆ: 1979 թ. Շիրակ Խոջոյանը ստեղծել է առաջին հայալեզու հեռուստածրագիրը՝ Հայկական հեռուստաժամանակը, աշխատել է շատ հոլիվուդյան ֆիլմերի վրա՝ որպես ռեժիսոր-լուսանկարիչ:
Երկու Ֆիլմն էլ ճանաչողական արժեք ունեն և նեկայացնում են հայ ժողովրդի արժեհամակարգում կարևոր տեղ զբաղեցնող խորհրդանիշներ: «Ճերմակ արագիլ» ֆիլմը ներկայացնում է հայ ժողովրդի համար գարնան, լուսավոր ապագայի ու բարության խորհրդանիշ արագիլների պատմությունը: Հայաստանի գյուղերում հաստատված արագիլների հանդեպ բնակիչների սիրո ու բարեհաճ վերաբերմունքի և Հայաստանի Ամերիկայան համալսարանի բնության պահպանության բաժանմունքի կողմից իրականացրած հետազոտական աշխատանքների մասին է ֆիլմը:
«Ծիրան: Հայաստանի օրհնված ծառը» ֆիլմը հայոց արևահամ ծիրանի ու ծիրանենու մասին է:
Շիրակ Խոջոյանը շնորհակալություն հայտնեց ցուցադրությունը կազմակերպելու համար: «Կարծում եմ, որ ֆիլմը կնպաստի անգլիալեզու երիտասարդներին ազգային արժեքների հետ կապելուն»,- ասաց նա:
Բարձր գնահատելով տեր և տիկին Շիրակ և Սեդա Խոջոյանների հայանպաստ գործունեությունը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նրանց պարգևատրեց նախարարության պատվոգրով: