Եվրամիությունը նույնպես չի ճանաչել Աբխազիայի նախագահական ընտրությունները
Եվրամիությունը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ համաձայն միջազգային իրավունքի, հետևաբար չի ճանաչում Աբխազիայի նախագահական ընտրությունները: Այս մասին նշված է ԵՄ-ի պաշտոնական ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ նման հայտարարություն էր տարածել նաև Վրաստանի ԱԳՆ-ը՝ անվանելով այդ ընտրությունները ոչ օրինական և կոչ անելով միջազգային հանրությանը չճանաչել դրանք:
Աբխազիայում նախագահական ընտրությունների անցկացման համար այսօր առավոտվանից բաց են 154 ընտրատեղամասեր: Մինչ այս պահը քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44%-ը: Քվեարկության նախնական արդյունքները կհայտարարվեն վաղը՝ օգոստոսի 25-ին:
Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնին հավակնում է 4 թեկնածու՝ Ասլան Բժանիան, Լեոնիդ Ձապշբան, Միրաբ Կիշմարիան և Ռաուլ Խաջիմբան: