211652_close_icon
views-count1888 դիտում article-date 22:36 23-08-2014

Սերժ Սարգսյան. Մեր երիտասարդները կարողանում են վստահ պաշտպանել երկրի սահմանները. news.am

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը: Հավաքը, որին մասնակցում էր ավելի քան 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից, մեկնարկել է ս.թ. օգոստոսի 18-ին: Այս տարվա հավաքին մասնակցում էին նաեւ նոր ջոկատներ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Ոստիկանության, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի, լրագրողների, «Փյունիկ» հաշմանդամների միության, երիտասարդ երկրապահների եւ այլ հասարակական կազմակերպությունների ջոկատներ: Հանրապետության նախագահը ծանոթացել է անցած օրերին «Բազե-2014» հավաքի շրջանակներում կայացած միջոցառումներին, բազեականների առօրյային, դիտել այդ ամենը ներկայացնող տեսանյութը, ինչպես նաեւ՝ հավաքի մասնակիցների կողմից կազմակերպված ռազմականացված ներկայացումն ու պարային ֆլեշմոբը: Սերժ Սարգսյանը ողջունել է հավաքի մասնակիցներին, հաջողություններ մաղթել եւ վստահություն հայտնել, որ ճամբարում երիտասարդ բազեականները ձեռք են բերել նոր հմտություններ ու գիտելիքներ, նաեւ՝ լավ ընկերներ ու հավաքի ավարտից հետո ունենալու են բազմաթիվ վառ տպավորություններ: Հանրապետության նախագահը նշել է, որ շատ ուրախ է հերթական անգամ հանդիպելու բազեականներին եւ շնորհավորել է նրանց այսօրվա տոնի՝ Անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ: «Քսանչորս տարի առաջ այս նույն օրը ընդունվեց Անկախության հռչակագիրը, եւ դա շատ կարեւոր իրադարձություն էր մեր ժողովրդի համար: Հայաստանի բնակիչների ճնշող մեծամասնությունն իրեն հարց էր տալիս՝ ի՞նչ է լինելու ապագան, ինչպիսի՞ ընթացք է ունենալու մեր անկախ պետությունը եւ նոր ի՞նչ բարդություններ ու դժվարություններ է պատրաստել ճակատագիրը հայ ժողովրդի համար: Բոլորի հետ միասին ես էլ էի խորհում ապագայի մասին ու վստահ էի, որ մեզնից ավագ սերունդը, մեր եւ մեզնից կրտսեր սերունդը կարողանալու են պատվով կատարել իրենց առաքելությունը: Ես որոշակի մտավախություն ունեի, թե ինչպես է ավելի երիտասարդ՝ 90-ականներից հետո ծնված սերունդը, կարողանալու տնօրինել մեր հայրենիքի ճակատագիրը: Փառք Աստծո, որ մենք կարողացանք այս տարիների ընթացքում, իրոք, կատարել մեր առաքելությունը, եւ ես վստահ եմ, որ այսօրվա երիտասարդությունը մեզնից շատ ավելի լավ է կատարելու այդ առաքելությունը: Իմ համոզմունքը հիմնված է ոչ թե լավատեսության, այլ այն իրողության վրա, որ այսօր մեր երիտասարդները կարողանում են վստահորեն պաշտպանել մեր երկրի սահմանները եւ այդ ընթացքում ցուցաբերել քաջության, հայրենասիրության բազմաթիվ վառ օրինակներ: Եթե մեր դպրոցականները համաշխարհային առարկայական օլիմպիադաներում նվաճում են 19 մեդալ, եւ որպեսզի կարողանաք պատկերացնել, թե դա ինչ է, ասեմ, որ մեր հարեւան Վրաստանը նվաճել է ընդամենը 8, Ադրբեջանը՝ 4, իսկ 80 միլիոնանոց Թուրքիան՝ 22 մեդալ: Ինչպե՞ս չհպարտանաս այդպիսի դպրոցականներով, եթե վերջին 4-5 տարիների ընթացքում միջին հաշվով 100 հայ երիտասարդ ամեն տարի ընդունվում է աշխարհի լավագույն 10 բուհեր, ապա ինչպե՞ս վստահ չլինես, որ այդ մարդիկ կարողանալու են շատ ավելի մեծ գործեր կատարել, քան մենք ենք արել: Եվ եթե մեր տանկային անձնակազմերը, որոնց հետ դուք հանդիպել եք, կարողանում են մրցել աշխարհի խոշորագույն բանակների ներկայացուցիչների հետ ու լինել հաղթողների թվում, ուրեմն ամեն ինչ լավ է ընթանում: Ուզում եմ մեկ անգամ եւս ձեզ շնորհավորել եւ մաղթել հաջողություն»,-«Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը բազեականների ճամբարում այնուհետ դիտել է հավաքի փակման առիթով կազմակերպված գալա համերգը: Սերժ Սարգսյանը նաեւ պատասխանել է «Բազե-2014»-ի երիտասարդ լրագրողների ջոկատի անդամներին հետաքրքրող հարցերին: Ճամբարական լրագրողները Հանրապետության նախագահին հարցեր են ուղղել ինչպես Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության, այնպես էլ մեր երկրի պաշտպանության, տնտեսության մարտահրավերների, սոցիալական թեմաների վերաբերյալ: Աղբյուրը՝ [url=http://news.am/arm/news/225340.html]news.am[/url]

Նմանատիպ նյութեր