211652_close_icon
views-count1348 դիտում article-date 15:55 22-08-2014

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը

Վրաստանի վարչապետի այցը Ազգային ժողով Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ, երկու երկրների դեսպանները: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, նշեց, որ այս այցը ևս մեկ անգամ ապացուցում է երկու երկրների՝ բազմակողմանի համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված պատրաստակամությունը: ՀՀ ԱԺ նախագահը հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում կարևորեց Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների դերը և համագործակցությունը միջազգային կառույցներում: Ըստ ԱԺ նախագահի՝ երկու երկրները պետք է ավելի ակտիվ համագործակցեն, նախագծեն ու իրականացնեն համատեղ նոր ծրագրեր: Անդրադառնալով հայ-վրացական բազմադարյան բարեկամությանը՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության ոգեկոչման հարյուրամյա տարելիցը, և պատմության դասերը չեն առնչվում միայն հայ ժողովրդին, այլ վերաբերում են նաև մյուս ժողովուրդներին: Հայոց ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը կարևոր նշանակություն ունի մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելու հարցում: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում տևական խաղաղության, կայունության հաստատման և տարածաշրջանային անվտանգությանն ուղղված նոր պայմանների ստեղծման հարցում: Գալուստ Սահակյանը նշեց, որ Հայաստանը հետամուտ է ղարաբաղյան հակամարտության՝ խաղաղ ճանապարհով կարգավորմանը և կարևորում է վստահության մթնոլորտի հաստատումը տարածաշրջանում: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին և ներկաներին, նշեց, որ վրացական պատվիրակության այցի նպատակն է առավել զարգացնել հարևան երկրի հետ բարիդրացիական հարաբերությունները և նպաստել տնտեսական, մշակութային կապերի ամրապնդմանը: Նա կարևորեց Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների համագործակցության խորացմանն ուղղված քայլերը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Նմանատիպ նյութեր