ԵՄ-ը կտրականապես դատապարտում է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին սպանելը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը հայտնում է, որ ԵՄ-ը կտրականապես դատապարտում է «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների կողմից ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլին սպանելը:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Սեբաստիան Բրաբանը. «Ահաբեկչության նման ձևերը միջազգային խաղաղության ու անվտանգության ամենալուրջ սպառնալիքներից մեկն են: ԵՄ-ը, ինչպես երբեք, հավատարիմ է ահաբեկչության ու մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարին, ինչպես նաև Իրաքի ու Սիրիայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության վերականգնման ուղղությամբ տարվող ջանքերին:
ԵՄ-ը շարունակելու է Մերձավոր Արևելքում և աշխարհի այլ տարածաշրջաններում աջակցել լրագրողների անվտանգության ապահովմանը նրանց արհեստավարժ պարտականությունների կատարման ժամանակ»: