ՌԴ հակասուզանավային ուժերը կանխել են ճապոնական սուզանավի հետախուզական գործունեությունը
Коммерсантъ թերթը, վկայակոչելով ՌԴ ՊՆ-ի իր աղբյուրներին, հայտնում է, որ Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի հակասուզանավային ուժերը կանխել են Ճապոնական ծովի սահմանային ջրերում ճապոնական սուզանավի հետախուզական գործունեությունը:
Ճապոնական սուզանավը հայտնաբերվել է օգոստոսի 20-ին, Լապերուզի նեղուցի հյուսիսում, որտեղով անցնում է ռուս-ճապոնական սահմանը: Դրանից հետո ճապոնական սուզանավին հետևելու համար ուղարկվել է նավախումբ և ծովային ավիացիայի ստորաբաժանում, ինչից հետո սուզանավը հապճեպ լքել է սահմանային գոտին:
Նախնական տվյալներով՝ ռուսական ծովային սահմանի անմիջական մերձակայքում հայտնաբերվել է «Օյասիո» տիպի ճապոնական դիզելային սուզանավ: Վերջինս, սակայն, չի հատել Ռուսաստանի տարածքային ջրերի սահմանը: Ռուս զինվորականներն ընդգծում են, որ Ճապոնիան վերջին շրջանում ակտիվացրել է իր ուժերը տարածաշրջանում՝ հատուկ հետաքրքրություն ցուցաբերելով Կուրիլյան կղզիների նկատմամբ: