ՀՀ Բնապահպանության նախարարությունը շարունակում է ապօրինի խորքային հորերի փակման աշխատանքները. տեսանյութ
                        ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ձևավորված աշխատանքային խումբը այսօր Արարատի մարզի Նորամարգ համայնքի տարածքում գործող  «Արսեն Պետրոսյան» անհատ ձեռներեցի ձկնաբուծական տնտեսությունում լուծարել է 120լ/վ ջրթողունակությամբ ինքնաշատրվանող ապօրինի խորքային հոր: Նույն տնտեսությունում առկա են ևս երկու ինքնաշատրվանվող անօրինական խորքային հորեր` համապատասխանաբար 170 և 179 լ/վ ջրատվությամբ, որոնք նախատեսվում է փակել առաջիկա օրերին:
 Վերոհիշյալ համայնքի տարածքում  «Մարտիկ Եվրեյան» և «Վալերի Եվրեյան» տնտեսությունները ենթարկվել են 3մլն 200 հազարական դրամի չափով տուգանքի, իսկ «Նորայր Ստեփանյան» տնտեսությունում` փականային ռեժիմով տնտեսվել է 75 լ/վ ջրատվությամբ խորքային հոր: 
Հիշեցնենք, 	որ ՀՀ կառավարության 2013 թ հոկտեմբերի 31-ի թիվ 1233-Ն  որոշման  համաձայն  ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող  ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման աշխատանքների իրականացման համար  ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվել է  107,497.4 հազ. դրամ: 
Ընդհանուր առմամբ դրամաշնորհի շրջանակներում մինչև 2014 թ հուլիսի 1-ը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում լուծարվել են 19 և կոնսերվացվել՝ 26 հորատանցք 310 լ/վ ջրաքանակով:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


