211652_close_icon
views-count2263 դիտում article-date 21:48 11-08-2014

Ոստիկանության աշխատանքի շնորհիվ հանգստյան օրերին Երևան-Սևան ճանապարհին լուրջ միջադեպեր չեն արձանագրվել․ տեսանյութ

Շարունակվում է ակտիվ հանգստի սեզոնը, և հանրապետության մի շարք ճանապարհներ ծանրաբեռնված են նույն ինտենսիվությամբ: Թվում էր, թե Վարդավառի օրը Երևան-Սևան ճանապարհին գրանցված հոծ երթևեկության ռեկորդն այլևս չի կրկնվի, բայց ականատեսները փաստում են, որ օգոստոսի 10-ի ցուցանիշը ռեկորդի գրեթե կրկնությունն էր: Իսկ սա նշանակում է հավելյալ ռիսկ ու վտանգ, ինչն էլ ենթադրում է ճանապարհային ոստիկանության գերծարաբեռնված ծառայություն: Ոստիկանության աշխատանքի շնորհիվ հանգստյան այս օրերին Երևան-Սևան ճանապարհին որևէ լուրջ միջադեպ չի արձանագրվել: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն է հայտնել ուժեղացված ծառայություն իրականացրած վերակարգերին` քաղաքացիների անվտանգությունն ապահովելու գործում ցուցաբերած պատասխանատվության և բարեխղճության համար: Երևան-Սևան ճանապարհից բացի հանգստյան օրերին ուժեղացված ծառայություն է իրականացվել նաև հարակից տարածքներում: Ուժեղացված ծառայության ընթացքում կազմվել է ընդհանուր առմամբ 249 վարչական իրավախախտման արձանագրություն: Այդ թվում` Կոտայքում 7 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 15-ի վարորդ գերազանցել է սահմանված արագությունը, հայտնաբերվել է առանց ամրագոտու երթևեկելու 51 դեպք: Գեղարքունիքում արձանագրություն է կազմվել ոչ սթափ վիճակում վարող 14 վարորդի նկատմամբ, արագությունը գերազանցել է 18, առանց ամրագոտու երթևեկել է 64 վարորդ: Միջոցառումները շարունակվելու են, հարկ եղած դեպքում ամեն օր է լինելու ուժեղացված ծառայություն: Բայց հայտնի է, որ անվտանգության հարցում ամենաորոշիչը երթևեկության բոլոր մասնակիցների իրավագիտակցության բարձր մակարդակն է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր