Կամո Հովհաննսիյանի դուբլը առաջին հաղթանակը պարգևեց «Փյունիկ»-ին
Հայաստանի 23-րդ առաջնությունում երկրի գավաթակիր «Փյունիկը» մեկնարկեց 2-րդ տուրից՝ սեփական հարկի տակ ընդունելով «Գանձասարին»:
Մեկնարկային խաղում Սարգիս Հովսեփյանի սաները 2:0 հաշվով հաղթանակ տոնեցին կապանցիների նկատմամբ: Խաղի հերոս դարձավ Կամո Հովհաննիսյանը, ով դարձավ դուբլի հեղինակ:
Հանդիպման հաշիվը բացվեց արդեն իսկ 13-րդ րոպեին. Հովհաննիսյանին հաջողվեց շրջանցել Գրիգոր Մելիքսեթյանին ու խոցել դարպասը: Փյունիկցիները խփած գոլով չսահմանափակվեցին ու շարունակում էին ակտիվ գրոհներ կազմակերպել՝ մեծացնելով ճնշումը:
Առաջին գոլից երեք րոպե անց հաշիվը կարող էր կրկնապատկվել, սակայն Սարգիս Բալոյանի ուժգին հարվածը կանգնեցրեց մրցակցի դարպասապահը: Ուշագրավ էր նաև անկյունայինի խաղարկումից հետո Վարազդատ Հարոյանի գլխով հարվածը, այս անգամ նույնպես հյուրերին փրկեց Մելիքսեթյանը:
Չնայած ստեղծած մի շարք պահերին, մինչև ընդմիջում հաշիվն անփոփոխ մնաց: Առաջին խաղակեսում մարզիչ Հովսեփյանը կատարեց հարկադրված փոփոխություն. վնասվածք ստանալով՝ հանդիպումը չկարողացավ շարունակել Ղուկաս Պողոսյանը:
Երկրորդ խաղակեսի 65-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը նորից մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ և վերջ դրեց կապանցիների բոլոր հույսերին:
Բարձրագույն Խումբ, 2-րդ տուր
«Փյունիկ» – «Գանձասար»՝ 2:0
Գոլերը՝ Կ. Հովհաննիսյան 13, 65