2479 դիտում
14:02 09-08-2014
ՀՀ առողջապահության նախարարը այցելել է Սևանի հոգեբուժական հիվանդանոց
Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ երեկ ուշ երեկոյան այցելեց Սևանի հոգեբուժական հիվանդանոց։ Հենց հիվանդանոցի բակում նա նախ հանդիպեց բուժանձնակազմի հետ։ Քննարկվեցին հիվանդների բուժօգնությանը, նրանց սննդի, խնամքի և ժամանցի կազմակերպմանը վերաբերող և այլ հարցեր։ Արմեն Մուրադյանը կարևորեց հատկապես անհրաժեշտության դեպքում հիվանդներին անհետաձգելի առաջին բուժօգնության կազմակերպմանը, անվտանգությանը, հակահրդեհային կանոնների պահպանմանը վերաբերող հարցերը։ Այս մասին է տեղեկացնում ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը:
Անկաշկանդ զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև բուժանձնակազմի աշխատավարձերին, մասնագիտական դժվարություններին վերաբերող խնդիրներին:
«Դուք իրականացնում եք ոլորտի ծանր ծառայություններից մեկը և արժանի եք խրախուսանքի։ Հնչեղություն են ստանում խնդրահարույց կետերը, բայց ամենօրյա քրտնաջան ձեր աշխատանքը չի երևում»։
Նախարարն առանձնակի շնորհակալություն հայտնեց այն բուժաշխատողներին, ովքեր, բնակվելով Երևանում, իրենց մասնագիտական պարտքը կատարում են մարզում` ամեն օր երկար ճանապարհ անցնելով։
Նախարարը հետաքրքրվեց, թե հուլիսի 1-ից իրականացված բարձրացումից հետո որքան է կազմել բժիշկների, բուժքույրերի և մայրապետների աշխատավարձերը։ Հոգեբուժարանների ֆինանսավորման բարեփոխման արդյունքում ևս այս բուժհիմնարկների ֆինանսական վիճակը թեև որոշակիորեն բարելավվել է, սակայն դեռևս հեռու է բավարար լինելուց։ Արմեն Մուրադյանը կենտրոնի ղեկավարությանը հանձնարարեց նախարարության մասնագետների հետ ուսումնասիրել, թե աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման ուրիշ ինչ հնարավորություններ կան։
Այնուհետև տնօրեն Գագիկ Կարապետյանը նախարարին և նրան ուղեկցողներին ծանոթացրեց հիվանդանոցի ութ բաժանմունքների, բուժական և ախտորոշիչ ծառայությունների, սննդի, հանգստի կազմակերպման հնարավորություններին և պայմաններին:
Հոգեբուժարանում բուժում ստացողները փոքրիկ անակնկալ էին պատրաստել նախարարի համար։ Նրանք հանդես եկան ասմունքով ու երաժշտական կատարումով: Արմեն Մուրադյանն անմիջական զրույց ունեցավ նրանց հետ, հետաքրքրվեց առօրյայով:
Հոգեբուժարանի արհեստանոցի պատերը զարդարում էին հիվանդների ձեռքի աշխատանքները` կտավներն ու կոլաժները: Կենտրոնի ղեկավարությանը նախարարն առաջարկեց բարեգործական ցուցահանդես-վաճառք կազմակերպել` հանրության ուշադրությունը բևեռելով հոգեբուժարանների պայմանների բարելավման խնդրի վրա և գոյացած հասույթն ուղղել այդ նպատակին:
Արմեն Մուրադյանը ծանոթացավ նաև հոգեբուժարանի սննդամթերքի և դեղերի պահպանման պայմաններին, դրանց պիտանիության ժամկետներին, ճաշացանկին ու սննդի կալորիականության ու բազմազանության ապահովմանը։
Նախարարն իր գոհունակությունը հայտնեց Սևանի հոգեբուժարանում հիվանդների բուժման և խնամքի ուղղությամբ կատարվող աշխատանքներից: Նա միաժամանակ հանձնարարականներ տվեց առկա բացթողումները վերացնելու ուղղությամբ։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1363 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
778 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին