Դեսպան Քոչարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետին
Օգոստոսի 6-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամի հետ: Այս մասին է հայտնում ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Դեսպանը Լիբանանի վարչապետին է փոխանցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Հայաստան այցելելու պաշտոնական հրավերը:
Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել երկու բարեկամ երկրների երկկողմ հարաբերությունների մակարդակը:
Միաժամանակ նշվել է առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը, մոտակա ժամանակներին միջկառավարական հանձնաժողովի նիստի գումարման, ինչպես նաև գործարար համաժողովի կազմակերպման կարևորությունը:
Անդրադարձ է եղել Լիբանանի ներքաղաքական խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին: Ընդգծվել է լիբանանահայ համայնքի կարևոր դերը Լիբանանի զարգացման գործում:
Լիբանանի վարչապետը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և խնդրել իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: