Փարիզի ոստիկանները մեղադրվում են 50 կգ կոկաինի գողության մեջ
Փարիզի ոստիկանության թմրամիջոցի դեմ պայքարի վարչության աշխատակիցները մեղադրվում են 51 կգ կոկաին հափշտակելու մեջ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով 20minutes.fr պորտալին:
Կոկաինն առգրավել են հուլիսի սկզբին՝ թմրաբիզնեսով զբաղվող խոշոր ցանցի լուծարման ժամանակ: Իրեղեն ապացույցները պահվել են մի տարածքում, որը հասանելի էր ոստիկանության քիչ թվով աշխատակիցների: Համաձայն հետաքննության տվյալների, թմրանյութն անհետացել է հուլիսի 23-ից 31-ն ընկած ժամանակահատվածում:
Թմրադեղերի անհետացման փաստի առթիվ Փարիզի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել: Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով, ուսումնասիրվում են դեպքի բոլոր հանգամանքները: