211652_close_icon
views-count4415 դիտում article-date 08:56 30-07-2014

Այգեպարի վրա կրակելով կրակում են մեզանից յուրաքանչյուրի վրա. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Վերջին մեկ ամսվա ընթացքում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի գյուղերում գրեթե ամենօրյա ռեժիմով կրկնվում է միևնույն սցենարը: Ադրբեջանցիները ծանր գնդակոծության են ենթարկում Այգեպար, Մովսես. Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ապա մեր զորքերի պատասխան գործողություններից հետո դադարեցնում կրակը, ապա որոշ ժամանակ անց նորից սկսում գնդակոծությունը: Շատերը հարց են տալիս. ինչո՞ւ են ադրբեջանցիները օրը մի քանի տասնյակ հազար եվրոյի զինամթերք ծախսում հայկական գյուղերը գնդակոծելու համար, չէ՞ որ դա սահմանները կամ զորքերի դասավորվածությունը չի փոխում: Ի՞նչ խնդիր են, ուրեմն, լուծում նրանք: Խնդիրը, կարծում ենք, շատ կոնկրետ է: Ադրբեջանցիները փորձում են Բերդի տարածաշրջանի բնակիչների շրջանում զգացողություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունը այլևս ի վիճակի չէ պաշտպանել նրանց, ադրբեջանցիները փորձում են այդ տարածաշրջանի բնակիչների շրջանում զգացողություն հարուցել, թե իրենց տները, իրենց գյուղերը այն տեղը չեն, որտեղ կարելի է ապրել: Երկար տարիների ընթացքում այս գիտակցությունը առանց ադրբեջանցիների էլ, մեր իշխանավորների օգնությամբ կաթիլ-կաթիլ արմատանում է հեռավոր և սահմանամերձ գյուղերի բնակիչների շրջանում, բայց վերջին իրադարձությունները նոր մարտահրավերներ են առաջադրում Հայաստանի Հանրապետությանը: Ի վերջո, Չինարիի, Այգեպարի, Մովսեսի, Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչները հստակ պատասխան են սպասում Հայաստանի Հանրապետությունից: Նրանք ուզում են իմանալ իրենք շարունակելո՞ւ են ապրել իրենց տներում, թե դա անելը առաջիկայում այլևս անհնար է լինելու: Ասվածը չափազանցություն չթվա, բայց չորս գյուղերի համար այս վիճակն ավելի վատթար է, քան պատերազմը, որովհետև պատերազմը գոնե պատերազմ է. երեխաներին և կանանց պատսպարում են նկուղներում, տղամարդիկ գնում են կռվելու: Հիմա տղամարդիկ ու կանայք ամեն օր կուչ են գալիս իրենց տներում և չգիտեն ի՞նչ է լինելու հաջորդիվ, իրավիճակը բացարձակապես դուրս է իրենց վերահսկողությունից, և իրենք որևէ բան անել չեն կարող: Ոչ կարող են հարձակվել, ոչ կարող են նահանջել, և այդ մարդկանց մնում է ինչ-որ լուծում ակնկալել Երևանից: Բոլոր հիմքերը կան պնդելու, որ Երևանն առայժմ որևէ լուծում չունի, բայց սա չի նշանակում, թե պետք է անպատասխան թողնել վերը հիշատակված գյուղերում ահագնացող հարցերը: Եթե մենք այս պահին չենք կարողանում որևէ ձևով լռեցնել ադրբեջանցիներին, ուրեմն պիտի հստակ ազդակներ տանք սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որ իրենց այնտեղ ապրելը թեկուզ կրակահերթերի տակ, կարևոր, չափազանց կարևոր նշանակություն ունի Հայաստանի ու նրա ապագայի համար: Այդ ազդակները կարող են լինել սահմանամերձ գյուղերի բնակիչներին կոմունալ ծախսերի զեղչեր, հարկային և առողջապահական ամենալայն արտոնություններ, տնտեսական հնարավորություններ տալու ձևով: Հակառակ դեպքում մարդիկ մի օր ուղղակի վեր կկենան և կհեռանան սահմանից, և ինչ էլ ասենք, որևէ մեկը չի կարող դատապարտել այն մովսեսցուն, որ չի ուզում իր մանկահասակ երեխաները ամեն օր հոգեբանական և ֆիզիկական կռիվ տան ադրբեջանական դեշեկայի դեմ: Եթե սահմանի բնակիչները պիտի կռիվ տան, այդ կռիվը գին ունի, ու Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության մնացած քաղաքացիներս պետք է վճարենք այդ գինը, որովհետև Այգեպարի վրա կրակելով կրակում են մեզանից յուրաքանչյուրի վրա»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր