211652_close_icon
views-count2164 դիտում article-date 20:54 27-06-2014

Փոխվարչապետը ծանոթացել է Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելել է Տավուշի և Արագածոտնի մարզեր: Տավուշի մարզում փոխվարչապետը նախ ծանոթացել է Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին, ապա պատասխանատուների հետ քննարկել է շինարարական աշխատանքների իրականացման ընթացքի հետ կապված հարցեր: Փոխվարչապետն այնուհետև մեկնել է սահմանամերձ Այգեպար համայնք, մարզպետ Հովիկ Աբովյանի եւ Այգեպարի համայնքապետ Անդրանիկ Այդինյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել համայնքի մանկապարտեզում և դպրոցում, ծանոթացել շենքային պայմաններին: Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրով արդեն մեկնարկել են դպրոցի դահլիճային մասնաշենքի վերանորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել գալիք տարվա հունվարին: Պատասխանատուների հետ քննարկվել են նաև շենքերի անվտանգության ապահովման հետ կապված հարցեր: «Փոխվարչապետը հանդիպեց նաեւ բնակիչների հետ, որոնք հիմնականում մտահոգություն հայտնեցին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ: Այնուհետեւ Ա.Գեւորգյանը խորհրդակցություն անցկացրեց համայնքապետարանում, որին մասնակցում էին ՊՆ Զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի հրամանատարը, ԶՈւ սպաներ, Այգեպարի, Չինարիի, Մովսեսի, Ներքին Կարմիր աղբյուրի, Բերդի համայնքապետները, տեղական հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, Այգեպարի ավագանու անդամներ: Քննարկվեցին համայնքներում բնակչության անվտանգության ապահովման հետ կապված հարցեր, անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացրեցին ԶՈւ ներկայացուցիչները: Փոխվարչապետն իր հերթին ընդգծեց, որ սահմանամերձ համայնքները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Այնուհետև փոխվարչապետը մեկնեց մարզի Խաչարձան համայնք, որտեղ ներկա գտնվեց նորակառույց բուժկետի բացման արարողությանը: Նորակառույց շենքը, բացի բժշկական եւ տնտեսական սենյակներից, ներառում է նաեւ բազմաֆունկցիոնալ սրահ: Այն կառուցվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով՝ արգենտինահայ Կալչիյանների ընտանիքի հովանավորությամբ: Ա. Գևորգյանը շնորհավորեց համայնքի բնակիչներին՝ համայնքային նոր կառույցի շահագործման կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեց միջոցառմանը ներկա բարերարներ Հիլդա եւ Արտո Կալչիյաններին՝ համայնքային խնդիրների լուծման հարցում կառավարությանն աջակցելու համար: Փոխվարչապետը դրական գնահատեց "Հայաստան" հիմնադրամի կողմից համայնքներում իրականացվող նպատակային ծրագրերը, որոնք միտված են մարզերում բնակիչների կենսական պայմանների բարելավմանը: Տավուշի մարզում ավարտելով այցը՝ փոխվարչապետը մեկնեց Արագածոտն: Մարզպետարանում անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցում էին մարզպետ Սարգիս Սահակյանը, «Թալին» ՋՕԸ-ի գործադիր տնօրենը, վերջին օրերին կարկտահարության հետեւանքով տուժած Արտեմի, Արագածավան, Լուսակն համայնքների ղեկավարները, քննարկվեցին գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի չափերին, աջակցության մեխանիզմներին առնչվող հարցեր: Մարզպետը տեղեկացրեց, որ այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ այցելել են համայնքներ, ծանոթացել իրավիճակին, տեղերում քննարկել կառավարությանն ուղղված առաջարկությունները: Փոխվարչապետը նշեց, որ հարցը կքննարկվի կառավարությունում եւ ընդունված որոշումների մասին կտեղեկացվի բնակչությանը» ,- հայտնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր