211652_close_icon
views-count1688 դիտում article-date 17:45 23-06-2014

Տակտիկական ուսումնավարժություն՝ Դիլիջանի միջազգային դպրոցում. ֆոտոշարք

Հունիսի 22-ին ՀՀ ԱԻ նախարարությունը` «ՌԴ ՔՈՆՍՏՐԱՔՇԸՆ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության նախաձեռնությամբ, ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն էր կազմակերպել Դիլիջանի միջազգային դպրոցի շինհրապարակում: Ընկերությունն իրականացնում է դպրոցի շինարարական աշխատանքները: Ուսումնավարժության թեման էր «Վթարափրկարարական աշխատանքները շինհրապարակում»: Նպատակներն էին. • բարձրացնել հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքները ղեկավարող անձանց գործնական հմտությունները՝ ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատում, ներգրավված ուժերի և միջոցների ղեկավարում. • կատարելագործել Տավուշի ՄՓՎ Իջևանի և Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատների գործնական հմտությունները փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ. • արձագանքող ուժերի գործողությունների ներդաշնակեցում: Ուսումնավարժությանը ներգրավված էին Տավուշի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի, Իջևանի և Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմերը, շտապօգնության 1 բրիգադ, «ՌԴ ՔՈՆՍՏՐԱՔՇԸՆ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ աշխատակիցները և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Սցենարի համաձայն` Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքների ժամանակ մասնաշենքերից մեկը փլուզվել էր և 1 աշխատակից մնացել էր փլատակներում: Հարակից մասնաշենքի աստիճանավանդակներում առաջացել էր խցանում, 3 աշխատակից արգելափակվել էին շենքի տանիքի վրա, աշտարակային կռունկի մեքենավարը չէր արձագանքում կապի միջոցներով տրված ազդանշաններին, հրդեհ էր բռնկվել շինանյութերի պահեստում: Դեպքի վայր ժամանած փրկարարները պարանների օգնությամբ իջեցրին վերամբարձ կռունկի մեքենավարին, փլատակից դուրս բերեցին «տուժածին»` միաժամանակ` հրշեջ-փրկարարներն իրականացնում էին հրդեհաշիջման աշխատանքներ: Տանիքում արգելափակված աշխատակիցներին փրկարարները նույնպես տարհանեցին պարանների օգնությամբ: «ՌԴ ՔՈՆՍՏՐԱՔՇԸՆ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության ներկայացուցիչ, նախագծի տնօրեն Դմիտրի Լետովը նշեց, որ շինհրապարակում անվտանգության ապահովումն իրենց աշխատանքի հիմնական սկզբունքներից է. - Շուրջ 2 տարի է աշխատում ենք այստեղ, և փառք Աստծո, մինչև հիմա որևէ խնդիր չենք ունեցել: Սակայն նման միջոցառումներն օգնում են բարձրացնել աշխատակիցների պատրաստվածությունը: Ուսումնավարժության շրջանակներում «ՌԴ ՔՈՆՍՏՐԱՔՇԸՆ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը կազմակերպել էր նաև հրդեհաշիջման փոքրիկ մրցույթ, որին մասնակցում էին ընկերության աշխատակիցներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները: Հաղթողները պարգևատրվեցին մեդալներով ու կրակմարիչներով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր