211652_close_icon
views-count1368 դիտում article-date 10:20 20-06-2014

Մշակույթի նախարարության գերնպատակը զուգարան սարքելն է․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, հունիսի 14-ին «Տրոյկա Դիալոգ» ընկերության կազմակերպած փարթիից հետո հասարակության լայն շերտերում առաջացած դժգոհությունների առիթով, վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցություն է անցկացվել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ որոշվել է խիստ նկատողություն հայտնել Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանին: Իսկ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Վարդան Գրիգորյանն ազատվել է աշխատանքից: Այս պաշտոնյան փարթիի կազմակերպման վերաբերյալ հարցին ԶԼՄ-ներին պատասխանել էր, որ միջոցառումն անցկացնելու դիմաց արգելոց-թանգարանի կենտրոնական 4 սանհանգույցներն են վերանորոգել: Սա նշանակում է, որ Մշակույթի նախարարության գերնպատակը զուգարան սարքելն է՝ թեկուզ սրբապղծության գնով: Հիշո՞ւմ եք՝ մի ժամանակ էլ նախկին վարչապետն էր գերթանկարժեք բիոզուգարաններով զարգացնում զբոսաշրջությունը Հայաստանում: Սակայն Հայաստանում զարգացման տեմպերը դանդաղում են, քանի որ վարչապետը և իշխանության վերին օղակները փոխանակ «ձուկը գլխից» բռնեն, պոչին են դիպչում միայն: Ի՞նչ է ստացվում. գործարար Ռուբեն Հայրապետյանը զանգահարել է Հասմիկ Պողոսյանին, արգելոց թանգարանը վարձակալելու և «քեֆ անելու» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել, սակայն քեֆից հետո աշխատանքից ազատվել է ՊՈԱԿ-ի մի մասնաճյուղի տնօրեն: Մինչդեռ մշակութային գործիչների բնորոշմամբ՝ «մշակույթի պատուհաս» Հասմիկ Պողոսյանին ազատելու փոխարեն, մասնաճյուղի մի խեղճ ու կրակ տնօրեն ազատվեց»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր