4237 դիտում
18:22 16-06-2014
Իրական ՓՄՁ ձևավորումն ու ընտանեկան բիզնեսի զարգացումը՝ օրակարգում
Ֆինանսների փոխնախարարը ներկայացրել է օրենսդրական կարգավորումների նոր փաթեթի գործարկումից ակնկալվող արդյունքները
Կառավարությունն աշխատում է Հայաստանում ձևավորել իրական փոքր և միջին ձեռնարկատիրություն, կրճատել ստվերային տնտեսությունը, նպաստել ընտանեկան բիզնեսի զարգացմանն ու փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը. հունիսի 16-ին ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը ներկայացրել է «Շրջանառության հարկի մասին» և ևս վեց օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի կիրառումից ակնկալվող արդյունքները:
Փոխնախարարը հայտնել է, որ ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների հետ Կառավարությունն ընդհանուր հայտարարի է եկել կարգավորման մի շարք առանցքային հարցերում, մասնավորապես` ՓՄՁ-ների համար 2015 և 2016 թվականներին կպահպանվի շրջանառության 58.35 միլիոն դրամ առավելագույն շեմը, առևտրի ոլորտում շրջանառության հարկի դրույքաչափը 3.5 տոկոսից կնվազեցվի մինչև 1 տոկոսի: Հանրապետությունում գործող 58 հազար 700 ՓՄՁ սուբյեկտներից 39 հազարը ներգրավված է առևտրի ոլորտում, նրանց վճարած շրջանառության հարկի մասնաբաժինը տարեկան հարկային եկամուտներում չի գերազանցում 2 տոկոսը` տատանվելով 1.5 տոկոսի սահմաններում:
«Մեր գործունեության հիմնական մեխը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ աշխատանքի թիրախը լինելու է դաշտի կարգավորումն ու իրական ՓՄՁ-ների ձևավորումը, որոնցից ստացվող ազդակները թույլ կտան վարչարարության սլաքն ուղղել խոշոր բիզնեսի ուղղությամբ»,-նշել է Ա.Ալավերդյանը: Փոխնախարարի համոզմամբ՝ տնտեսության մեջ ստվերի կրճատման բանալին գործարքների փաստաթղթավորումն է. նա վերահաստատել է, որ պետությունը ՓՄՁ-ներին չի դիտարկում որպես հարկման աղբյուր՝ այլ նպատակ ունի դրանց օժանդակությամբ հասնելու խոշոր տնտեսվարողների մոտ ստվերի կրճատմանը: Ֆինանսների փոխնախարարը խոսել է Հայաստանում ներդրվող նոր ինստիտուտի՝ ընտանեկան բիզնեսի մասին: Նա հիշեցրել է, որ ընտանիքի անդամների կողմից իրականացվող և տարեկան մինչև 12 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկատիրությունը չի հարկվի:
«Օրենքով հստակ ամրագրվելու է ընտանեկան բիզնեսի մեջ ներգրավված անձանց շրջանակը»,-նշել է Արմեն Ալավերդյանը` պարզաբանելով, որ արտոնագրային վճարների համակարգում ընդգրկված տնտեսվարողները չեն ունենալու ընտանեկան բիզնեսի կարգավիճակ: Միաժամանակ նա ներկայացրել է ապրանքաշրջանառությունը փաստաթղթավորելուց խուսափողների նկատմամբ կիրառվելիք պատասխանատվության միջոցների խստացման աստիճանական համակարգը` նշելով, որ նոր կարգավորմների արդյունքներն ի հայտ կգան 2015-ի առաջին կիսամյակի արդյունքներն ամփոփելիս: Ֆինանսների նախարարության մշակած օրենսդրական փաթեթը նախատեսված է ուժի մեջ դնել 2014թ. հոկտեմբերի 1-ից:
[i]ՀՀ ֆինանսների նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
[/i]
Նմանատիպ նյութեր
2101 դիտում
10:39 07-11-2019
Խոշոր բիզնեսի բարգավաճումը տեղի է ունենում փոքր ու միջին բիզնեսի կրճատման հաշվին․ «Փաստ»
1082 դիտում
11:06 05-09-2014
Դասընթացներ գյուղերում՝ ընտանեկան բիզնեսի զարգացման համար. ֆոտոշարք
Այս բաժնից
511 դիտում
16:01 24-09-2024
Ապօրինի միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող անձը հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին
337 դիտում
15:21 24-09-2024
2024 թվականի օգոստոսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 751,816