211652_close_icon
views-count1101 դիտում article-date 17:44 08-06-2014

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բանաստեղծ Ալեքսանդր Պորյադոչնիին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ընդունել է բանաստեղծ Ալեքսանդր Պորյադոչնիին` ուղեկցությամբ Հայաստանի հրեական համայնքի նախագահ տիկին Ռիմա Վարժապետյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից։ Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորել է տիար Ալեքսանդր Պորյադոչնիին՝ հայ ժողովրդի անցյալին, նրա անկոտրում հավատքին և Արցախյան հերոսամարտին նվիրված «Արծաթե թել» պոեմի հայերեն թարգմանության լույս ընծայման ու օրերս Հայաստանում տեղի ունեցած շնորհանդեսի առիթով: Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել բանաստեղծին հայ ժողովրդի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար՝ ընդգծելով, որ նրա հեղինակած պոեմը մեծ ծառայություն է` մատուցված հայ ժողովրդին: Անդրադառնալով պատմության ընթացքում հայ ժողովրդի կրած ցավի ու տառապանքի, հավատի ու լավատեսության հաղթական ոգու բանաստեղծի կողմից գեղարվեստական արծարծմանը՝ Ամենայն Հայոց Հայրապետը խոսել է նաև հայ և հրեա ժողովուրդների ընդհանրությունների և առկա ներկայիս սերտ կապերի մասին: «Մեր երկու ճակատագրակից ժողովուրդները մշտապես հալածվել են ու հայրենազրկվել` կորցնելով իրենց երկիրը, բայց շնորհիվ իրենց հավատքի խոր ապրումի և Աստծու անսահման ողորմածության, նրանք մշտապես դիմագրավել են բոլոր տեսակի փորձություններն ու վերստին հարություն առել», - ընդգծել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր հերթին բանաստեղծ Ալեքսանդր Պորյադոչնին իր սերն ու հարգանքն է արտահայտել հայ ժողովրդի, նրա պատմական անցյալի ու հարուստ մշակույթի հանդեպ, ապա Վեհափառ Հայրապետին ներկայացրել «Արծաթե թել» պոեմի գրության դժվարին ընթացքը՝ ընդգծելով, որ այդ զգացումները մեծ ներշնչանք և խանդավառություն են պարգևել իրեն ստեղծագործական կյանքում: Հանդիպմանը ներկա է եղել ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի թեմական պատվիրակ Վաշինգտոն քաղաքում, թեմի Միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը:

Նմանատիպ նյութեր